Panorama.am-ը գրում է․ «2018թ․ դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցեց ընտրության իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների ընդամենը 48 տոկոսը։ Իսկ 1 332 035 մարդ ընտրեց ոչ մի պատասխանատվություն չենթադրող դիտորդի կարգավիճակը։
Հետաքրքիր է, ինչպե՞ս կվարվի այդ 52 տոկոսը, եթե այսօր նոր ընտրություններ լինեն․կողմնորոշվե՞լ են արդյոք, թե՞ դարձյալ անտարբեր կմնան։ Ցանկացած դիրքորոշում՝ դեմ կամ կողմ, անհամեմատ նախընտրելի է անտաբերությունից, որովհետև այդ դեպքում գոնե կիմանանք, թե իրականում բնակչության քանի տոկոսի սրտով է այսօրվա դեգրադացիան։
Իսկ որ դեգրադացիան է մեր հասարակության այսօրվա դեմքը՝ կասկածի տեղ չկա։Ընդամենը մի քանի օրինակ բերենք․
- Քաղաքական դիսկուրսում դեմագոգիկ ճամարտակությունը փոխարինել է գրագետ, հավասարակշռված և բանիմաց խոսքին։ Հայհոյախոսությունը և հայհոյագրությունը դարձել են միջանձնային հաղորդակցման ընդունված ձև։
- Պետականաշինական հստակ ծրագրերի տեղը զբաղեցրել են են ցածրակարգ PR ակցիաները։ Օդից վերցված վիճակագրական տվյալներով փորձ է արվում ստեղծել տնտեսական աճի պատրանք։ Մի քանի վերնախավային ընտանիքների թռիչքաձև բարգավաճումը ներկայացվում է որպես հանրության լավ ապրելու չափանիշ։
- Ազգային կարևորագույն խնդիրներ կարգավորող երեք ոլորտները ՝ կրթություն, առողջապահություն և սոցիալական, հանձնված են սորոսական նախարարների, ովքեր հետևողականորեն պայքարում են հենց ազգայինի դեմ։ Այս օրերին ծննդատներ փակելուն նախորդել են գիշերօթիկներ, մանկատներ ու ծերանոց փակելը, հայագիտական առարկաների ոչ պարտադիր դասավանդման նախագիծն ու եկեղեցու պատմության առարկան դպրոցական ծրագրերից հանելը, գարդասիլի պատվաստումները և այլն։
Այնպիսի տպավորություն է, որ այս նախարարներն իրենց գործունեությամբ կոչված են նպաստելու «Հայաստանն առանց հայերի» հավերժական ծրագրի իրագործմանը։
- Արդարադատության ոլորտում դեգրադացիան հասել է այն աստիճանի, որ երկրի ղեկավարի կոչով դատարանների դռներ են շրջափակվում, իսկ ՍԴ դատավորներից ազատվելու համար խտրականություն չեն դրվում անգամ ամենից անբարոյական միջոցների մեջ։ Նման երևույթների առկայության դեպքում օրենք-օրինականությունից խոսելը մանկամտություն է։
- Կառավարության նիստերի ուղիղ հեռարձակումներով թափանցիկություն «խաղալու» ֆոնին՝ մեկ էլ հանկարծ բացահայտվում են, մեղմ ասած, տարակուսելի որոշումներ, ինչպես օրինակ նախարարների աշխատավարձերի կրկնակի բարձրացումը։Իսկ երեկ համացանցում տարածվեց, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կողմից Սորոսի գրասենյակից ֆինանսավորվող 18 կազմակերպություններ համարվել են «բարեգործական»՝ ազատվելով մի շարք հարկերից: Այդ երբվանի՞ց է պետականքանդությունը բարեգործություն դիտվում։
Եվ վերջապես պարզենք մի հարց՝ իրականում ո՞վ է Սորոսը մեր երկրում, որ իր սարդոստայնում է պահում կառավարության մի մասին։ Կարելի է շարունակել, բայց ավարտենք մի երևույթով, որը երկար ժամանակ կաշկանդում էր վարչապետի ընդդիմախոսներին՝ չխախտելու համար նորմալ քաղաքական փոխհարաբերություններում ուրիշի ընտանիքին չդիպչելու տաբուն։ Բայցևայնպես, փաստն այն է, որ ներկայումս դա էլ խախտվեց հենց Փաշինյանի մատուցմամբ։
Հայաստանի նախորդ երեք նախագահներին (նաև գործող չորրորդին) տարբեր կերպ վերաբերվելով հանդերձ, պետք է փաստել, որ հասարակությունը նրանց զավակներից որևէ մեկի դատապարտելի արարքների ականատեսը չի եղել: Ինչպես նաև նշված ղեկավարները ստիպված չեն եղել բացատրություններ կամ արդարացումներ տալ իրենց տիկնանց հանրային գործունեության կապակցությամբ: Անշուշտ, մի կողմ ենք դնում այն հանգամանքը, որ նրանց բաժին է հասնում բոլոր մարդկանց ուղեկցող բամբասանք-բանսարկությունների և թշնամական զրպարտությունների ավելի մեծ չափաբաժին:
Իսկ ՀՀ վարչապետի ընտանիքի անդամներն այսօր չափազանց հաճախ են ուշադրության կենտրոնում հայտնվում իրենց անհասկանալի ակտիվության պատճառով։ Արվում է դա ընտանիքի հոր գիտությա՞մբ, թե ինքնագլուխ , անկեղծ ասած, այնքան էլ կարևոր չէ։ Միևնույն է, երկու դեպքում էլ բնավ շահեկան վիճակում չէ վարչապետը․ որովհետև ստացվում է, որ կամ ինքն է գիտակցաբար «մարտի նետում» իր ընտանիքի կինարմատներին, կամ էլ՝ ի զորու չէ կառավարել նրանց։Ո՞ւր կհասնենք դեգրադացիայի, այսինքն՝ աստիճանական վատթարացման, դրական հատկանիշների կորստի այս տեմպերով․․․ Ե՞րբ կհասկանանք, որ իրար նկատմամբ թշնամանք ու ատելություն դրսևորելով՝ ջուր ենք լցնում սորոսանմանների ջրաղացին և հնարավորություն ենք տալիս նրանց՝ մեր ձեռքով քայքայել մեր պետությունը։
Լիա Իվանյան, հրապարակախոս
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը