ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը գրում է․
«Իրան-ԱՄՆ շուրջ լարվածությունն արդեն փոխանցվել է հիմնական աշխարհաքաղաքական խաղացողների տիրույթ։ Ռուսաստանը, Եվրոպական երկրները, Իսրայելը, Սաուդյան Արաբիան, Հնդկաստանը, Չինաստանը, Պակիստանը, Լատինական Ամերիկայի պետությունները...բոլոր խաղացողները փորձում են այս կամ այլ կերպ համ թույլ չտան հակամարտության սրացմանը, նաև ուզում են օգուտ քաղել ստեղծված իրավիճակից։Օրինակ` սաուդիտները Յեմենի ուղղությամբ կրկին ռազմական գործողությունների թեժացում են խոստանում, իսկ Թուրքիան պատրաստվում է զորք մտցնել Լիբիայի տարածք։
Ես զերծ կմնամ ինչ-որ ապոկալիպտիկ գուշակումներից` հաշվի առնելով չափազանց խճճված տարածաշրջանային (քաղաքական) զանգվածների հետաքրքրությունները, սակայն մի երկու դիտարկում։
Կարծում եմ, որ Իրանը և ԱՄՆ- ն զերծ կմնան անմիջապես իրենց տարածքներում փոխադարձ հակահարվածներից,ավելի իրատեսական է, որ հակամարտելու են երրորդ երկրներում (Սիրիա, Իրաք, Յեմեն, Լիբիա և այլն... ), նաև հնարավոր է Իրանը փորձի Սիրիայում և Լիբանանում տեղակայված իրեն հավատարիմ խմբավորումների միջոցով հրթիռակոծել Իսրայելի տարածքը։
Ես նաև համաձայն չեմ, որ ամերիկացիների հարվածը կապված է լոկ Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանության վրա հարձակման հետ կամ հրթիռային հարվածի պատճառով զոհված ամերիկյան քաղաքացու պատճառով։ Հիմնական պատճառն, ըստ իս, այն է, որ ամերիկյան նախագահական ընտրությունների նախաշեմին Թրամփը գտնվում է լուրջ պրեսսինգի տակ ( օրինակ իմպիչմենտի գործոնը) և այս քայլով Թրամփը կիրառեց ամերիկյան քաղաքականության մեջ ամենասիրված քայլը` հարվածել ԱՄՆ-ի սահմաններից հեռու թշնամու ամենաաղմկոտ թիրախին և ներկայացնել դա որպես ամերիկյան (նախագահի դեմքով) «հզորության» վերահաստատում։
Առայժմ այսքանը սակայն ակնհայտ է, որ ԱՄՆ/Իրան հակամարտությունը անցավ շատ կարևոր "կարմիր գիծը" :
Շարունակենք հետևել զարգացումներին։
ՀԳ
Ինչ վերաբերում է մեզ համար ամենաանցանկալի սցենարին, ապա ես նույնիսկ չեմ ուզում մտածել, թե ինչ կլինի, եթե հանկարծ այս հակամարտությունը հատի Իրանի սահմանները։
Միայն ակնկալվող մի քանի միլլիոն իրանցի փախստականների առկայությունը մեր սահմանի երկայնքով արդեն իսկ չափազանց վտանգավոր կարող է լինի։ Բայց կրկնում եմ, այս սցենարի իրականացումը ամենամինիմալն է, սակայն մենք ուղղակի պարտավոր ենք հաշվարկել նաև զարգացումների այս տարբերակը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը