168.am-ը գրում է․ «Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները տեղեկացնում են, որ ԱԱԾ-ի անցկացրած հերթական փակ սոցիոլոգիական հարցումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի անկման նոր ռեկորդ է գրանցել՝ 19․5 տոկոս վստահություն վարչապետի նկատմամբ։
Ընդ որում, ըստ մեր աղբյուրի, այդ տվյալը գրեթե ճշգրտորեն (19․3) կրկնել է վերջերս իրական ամերիկյան «Գելլափ» ընկերության անցկացրած հատուկ հարցման տվյալները։ Ասում են, թե հարցման պատվիրատուի (այսինքն՝ կառավարության) ներկայացուցիչը՝ Վլադիմիր Կարապետյանը, մեկ-երկու օր հապաղել է վարչապետին տվյալները ներկայացնել՝ կանխատեսելով նրա զայրույթը։ Եվ հենց այդ մեկ-երկու օրում էլ գաղափար է առաջացել, այսպես կոչվող՝ «կոոպերատիվ Գելլափի» հարցումը հրապարակել, որպեսզի Փաշինյանը հավատա այն թվերին, որոնց կուզեր հավատալ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 20-ին և 23-ին «GALLUP International association»-ի Հայաստանում՝ իրենց իսկ բնորոշմամբ, լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը երկու օր լրագրողների միջոցով հանրությանը ներկայացրեց անցկացված հարցման ցանկալի արդյունքները:
Բայց իրականությունը դրանից չի փոխվում: 19․5 տոկոս վարկանիշը չափազանց մտահոգող տվյալ և տհաճ նվեր է տարեմուտին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը