168.am-ը գրում է․ «Գիտակից մարդիկ, վերնագրից բացի, կարդում են նաև տեքստը և տեսնում, որ հայտարարությունը, որին միացել ենք, նաև ատելության մասին է: Մենք մտահոգություն ենք հայտնում, որ Ռոբերտ Քոչարյանի կալանավորված մնալը նպաստում է այդ ատելության խորանալուն, որովհետև երկու կողմերն էլ դիրքավորվում են և սկսում իրար հետ մարտնչել: Դա բերում է դատական պրոցեսի մեջ ավելորդ, էմոցիոնալ լարվածություն, ինչը ոչ մեկի շահերից չի բխում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Սաղմոսերգու» հոգևոր երաժշտության արական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար Վահե Բեգոյանը, որը Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ հայտարարությանը միացած մշակույթի գործիչների շարքում է:
Վահե Բեգայնին չի հետաքրքրում, թե ով է լարվել այդ հայտարարությունից. «Ես խնդիր չունեմ, կարող են իմ համերգի տոմսերը չգնել, առանձնապես չէին էլ հետաքրքրվում հայ հոգևոր երաժշտությամբ: Ես շոու-բիզնեսի ներկայացուցիչ չեմ, իսկ հայ հոգևոր երաժշտություն լսողները դրան չեն նայում, նայում են «Սաղմոսերգու»-ի որակին: Այնպես չէ, որ այդ հայտարարությանը միանալուց չէինք հասկանում, որ այդ մասսան հարձակվելու է մեզ վրա»:
Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է ինքը միացել այդ հայտարարությանը, որովհետև 60 ստորագրողների շարքերից եղան մարդիկ, որոնք ասացին, որ տեղյակ չեն եղել հայտարարության բովանդակությունից:
«Ամեն ինչ եղել է այնպես, ինչպես ներկայացրել է Լևոն Քոչարյանը: Ինձ զանգահարել ու ասել են, որ նման նախաձեռնությամբ են հանդես գալիս, ես խնդրել եմ ինձ ուղարկել տեքստը և միացողների անունները: Իրենք ինձ ուղարկել են տեքստը, կարդացի, տեսա, որ այն մինիմալ քաղաքական է և մաքսիմալ մտահոգ՝ հանրության այս վիճակով: Իսկ թշնամանք և ատելության մթնոլորտ որ կա, բոլորս ենք տեսնում: Ատելության մթնոլորտը վերացնելու համար պետք է ինչ-որ մի պահի իշխանությունները գիտակցեն, որ իրենք նաև ընդդիմության իշխանություններն են և նրանց շահերի ներկայացնողը, և, որ այդ ընդդիմությունը պարտադիր չէ, որ լինի կոռումպացված, նախկին իշխանություններին սերտաճած: Ինձ ճանաչողները գիտեն, թե ես ՀՀԿ-ին ինչպես եմ քննադատել՝ ամենավերջին բառերով: Իմ դեպքում չեն կարող ասել՝ Սերժի ժամանակ ինչո՞ւ չէիր խոսում. խոսում էի, էն էլ ոնց էի խոսում»,- ի պատասխան՝ ասաց Վահե Բեգոյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը