Armdaily.am-ը գրում է․«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը ձերբակալվել է։ Նա ձերբակալվել է Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանի վերաբերյալ քրեական գործով։ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով (Սուտ ցուցմունք տալու նպատակով վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելը, որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից): Թավադյանը ձերբակալվել է նույն քրեական գործի շրջանակներում, նույն հոդվածով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով։
ArmDaily.am-ի հետ զրույցում «5-իդ ալիքի» գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը նշեց, որ Թիվի 5-ը երբեք չի լռելու.«Գործողությունները նաև Թիվի 5-ի դեմ են: Կարծում եմ՝ 5-րդ ալիքն այստեղ մեծ դերակատարություն ունի: Ով Ռոբերտ Քոչարյանի մասին մի բան է ասում, միանգամից ֆեյքերի բանակին և նրանց սպասարկու լրատվամիջոցներին քսի են տալիս նրանց վրա: 5-րդ ալիքը զուտ պրոֆեսիոնալ լրատվությամբ է զբաղվում, ասում է այն՝ ինչ իրենց քիմքին հաճելի չէ»:Հարությունյանը չցանկացավ խոսել քրեական գործից.«Երբ Ոստիկանությունը պտտացրեց այս խայտառակ տեսանյութը, ես վստահ էի, որ հաջորդ հարվածը լինելու է դեպի մեզ: Բայց մենք չենք լռելու, մինչև այն պահը, երբ մեզ կփակեն: Ինչ կլինի հետո, ես չգիտեմ: Ինչ հիմա կատարվում է, սա նորմալ երկիր չէ: Այսպիսի բան կարող ենք տեսնել աֆրիկյան խոր հետամնաց երկրներում: Որպես վերջին փաստ կարող եմ ասել՝ երեկ Հենրիկ Մխիթարյանի մայրիկի վրա հարձակումը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը