24 12 2019

Ասել էի՝ Թավադյան ջան, կինոն հետո կլինի, և կինոն սկսվեց այսօր. 5-րդ ալիքի տնօրեն

Ասել էի՝ Թավադյան ջան, կինոն հետո կլինի, և կինոն սկսվեց այսօր. 5-րդ ալիքի տնօրեն

News.am-ը գրում է․ ««5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը Թիրախում  վաղուց էր հայտնվել , իսկ ինչո՞ւ, դրա համար կա 2 պատճառ. մեկը, որ նա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հավատարիմ ընկերն է, եւ երկրորդը՝ «5-րդ ալիքը» փուշ է այս մարդկանց կոկորդին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է «5-րդ ալիքի» գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը։

Նշենք, որ այսօր Արմեն Թավադյանը ձերբակալվել է, ըստ ոստիկանության, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանի վերաբերյալ  քրեական գործով։

«Ոստիկանությունը հրապարակում է մի տեսանյութ, որտեղ կարճաթեւ հագած մեկը, ավտոմատն օֆիսում դրած, 3 ռակուրսից նկարում են, իբր օպերատիվ նկարահանումներ են, իսկ օպերատիվ նկարահանումները 3 ռակուրսից չեն լինում։ Հաջորդ օրն առավոտյան, այդ անձը հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանին, հետո իր ֆեյսբուքյան  էջով լայվ է մտնում, դրանից մի քանի օր առաջ Հանրայինի տեսախցիկն է նրան ֆիքսում։ Եթե նրա արաքը  հանցանք է, ապա այդ հանցանքը գործում  էր այդ անձնավորությունը։ Հիմա այդ անձին բաց են թողել, ձերբակալել են մեկ ուրիշին, որը ծիծաղելի է»,- ասել է Հարությունյանը։

«5-րդ ալիքի» գործադիր տնօրենն ասել է, որ այս քայլն ուղղված է նաեւ «5-րդ ալիքի» դեմ.

«Մարդն ուզել է, որ այդ մարդուն ձերբակալեն, ասել է՝ ինչ ձեւ ուզում եք, ձերբակալեք, եւ ձերբակալել են,  քանի որ մենք իրավական դաշտ բացարձակ չունենք։ Դատավորներին ինչպես ասում են՝  այդպես անում են, դատախազը պատրաստ է կատարել ՝ ինչ ուզում է այդ մեկ մարդը, դե ոստիկանության ու ՀՔԾ-ի մասին էլ  չասեմ»։

Հարություն Հարությունյանն ասել է, որ «5-րդ ալիքը» կշարունակի իր բնականոն  գործունությունը. «Կաշխատենք այնքան ժամանակ, քանի դեռ մեզ չեն փակել»։

Նա պատմել է, որ երբ ոստիկանությունը հրապարակել էր այդ տեսանյութը, ինքը խոսել է Արմեն Թավադյանի հետ. «Ես ասել էի՝ Թավադյան ջան, սա կինոյի ժուռնալն է, կինոն հետո կլինի, եւ կինոն սկսվեց այսօր։ Սա այնքան ցցուն եւ փնթի սարքած նյութ էր, որ դրանից հետո պարզ էր՝ ինչ է լինելու։ Սա կարված գործ է, ինչպես մնացած բոլոր գործերը։ Այս ձերբակալության հիմքում հետագայում լինելու են նաեւ ճնշումներ՝ բարոյահոգեբանական, գուցե կգան մեզ մոտ…  Ամեն ինչ հնարավոր է։ ես այլեւս չեմ զարմանում»։

Նշենք, որ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով (Սուտ ցուցմունք տալու նպատակով վկային կամ տուժողին կաշառելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից): Թավադյանը ձերբակալվել է նույն քրեական գործի շրջանակում, նույն հոդվածով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով։

Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության, Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանը Քանաքեռում գտնվող իր գրասենյակ է հրավիրել Մարտի 1-ի դեպքերից տուժած անձանցից մեկին ու առաջարկել հրաժարվել տուժողի կարգավիճակից, տված ցուցմունքից եւ չներկայանալ դատական նիստերին՝  հայտնելով, որ պատրաստ է վճարել այն գումարը, որը պետք է պետությունը տրամադրի որպես դրամական աջակցություն։

Ավելի վաղ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը, լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ոստիկանության տեսանյութն ապացույցն է իշխանության կեղտոտ խաղերի, եւ որ պաշտպանական կողմը որեւէ նպատակ չունի խոչընդոտելու գործի քննությանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ