«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբը հայտարարություն է տարածել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրության վրա հարձակման վերաբերյալ։
Հայտարարության մեջ ասված է.
«Դեկտեմբերի 19-ի գիշերը ապօրինաբար մտել են «Ժողովուրդ» թերթի խմբագրություն և, ըստ աշխատակիցների վկայության, տակնուվրա արել գույքը, մտել խմբագրի աշխատասենյակ՝ ամենայն հավանականությամբ փորձելով ինչ-որ բան գտնել:
Համակարգչային որևէ տեխնիկա կամ այլ իր գողացված չի եղել, ինչը հուշում է, որ սա շարքային գողության փորձ չէ:
Տեղի ունեցածը մենք գնահատում ենք որպես լրատվամիջոցի վրա քրեական ոճով բիրտ ճնշում կիրառելու փորձ և յուրօրինակ «մեսիջ» մյուս լրատվամիջոցներին: Ցավոք սա ապօրինի ճնշման եզակի դեպք չէ։ Վերջին 1,5 տարում ԶԼՄ-ների դեմ նմանատիպ ճնշումներ էլի են եղել։
«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբը խստորեն դատապարտում է հերթական ոտնձգությունը լրատվամիջոցի նկատմամբ և պահանջում իշխանություններից ոչ թե ձևական, այլ իրական քայլեր ձեռնարկել հանցագործությունը բացահայտելու և մեղավորին կամ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: Հակառակ դեպքում՝ այս ամենի ողջ պատասխանատվությունը կընկնի գործող վարչախմբի վրա»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը