168TV-ն հայտնում է․ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» ծրագրի ղեկավար Վարուժան Հոկտանյանը, 168TV-ի հետ զրույցում, Սահմանադրական դատարանի դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքը կոռուպցիոն գործարք որակող ընդդիմությանն առաջարկում է նման ձևակերպումներ անելուց առաջ սպասել ՍԴ անդամների արձագանքին։
«Նախ պետք է սպասել և տեսնել, թե մինչև հունվարի 31-ը քանի՞ դատավոր կամավոր կգնա թոշակի։ Եթե նրանք գնում են, և դրանից հետո ունենում ենք ոչ անկախ դատական համակարգ, ապա այդ դեպքում կարող ենք ասել, որ ունենք քաղաքական կոռուպցիա։ Եթե սրա արդյունքում ունենանք այնպիսի դատական համակարգ, որը իսկապես կլինի անկախ, այդ դեպքում արված ծախսերն արդյունավետ կարելի է համարել։ Ես գիտեմ հետևյալը, եթե դատավորն անկախ չէ, այդ դեպքում նա շատ հեշտ ընկնում է «Ես քեզ, դու՝ ինձ» գործարքի մեջ՝ այսինքն գործում է հետևյալ տրամաբանությունը՝ «Ես ընդունում եմ քեզ համար ցանկալի որոշումներ, դու աչք ես փակում մեր կոռուպցիոն գործերի վրա», հետևաբար՝ մենք ուշադիր հետևելու ենք եկող դատավորների գործելաոճին»,- ասել է Հոկտանյանը, այնուամենայնիվ, համաձայնելով, որ, կոռեկտ չէ թոշակի ուղարկել այն դատավորներին, որոնք իրենց աշխատանքային ստաժով այդ թոշակը չեն վաստակել։
«Ես համաձայն եմ, որ մի քիչ կոռեկտ չէ. մի կողմից՝ այստեղ կա ֆինանսական խնդիր, իսկ մյուս կողմից, եթե սա դառնա պրակտիկա, ապա մենք կունենանք տհաճ երևույթ»,- ասել է Հոկտանյանը։
Նրա համոզմամբ՝ հակակոռուպցիոն քաղաքականություն վարելիս միշտ չէ, որ պատժելը ճիշտ և արդյունավետ տարբերակ է։
«Օրինակ, երբ մենք ասում ենք՝ եղել է համակարգային կոռուպցիա, դա նշանակում է, որ շատ մեծ թվով պաշտոնյաների, դատավորների, դատախազների պետք է պատժեինք, և հիմա միգուցե կալանավայրերում էլ տեղեր չէին լինի, հետևաբար՝ այս օրենքը կարող է դառնալ նախադեպ, որ առանց պատժելու՝ կարելի է որդեգրել այլ մոտեցում։ Օրինակ, եթե մենք խոսում ենք ՍԴ դատավոների մասին, ապա ես չէի ասի, որ նրանք անձնական օգուտ ստանալու համար են այս կամ այն քայլն արել, և, հետևաբար՝ ես չէի ասի, որ նրանք, դասական առումով, կոռումպացված դատավորներ են»,- ասել է Հոկտանյանը՝ ընդգծելով, որ եթե մենք այս գործընթացի արդյունքում ունենանք անկախ դատավորներ և դա կփաստեն ամբողջ դատական համակարգը և միջազգային այս կամ այն կառույցը, ապա կարող ենք ասել, որ արդյունքի հասել ենք։
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» ծրագրի ղեկավարը լրջագույն կոռուպցիոն ռիսկեր է տեսնում Երևանի քաղաքապետարանին «Կամազ»-ներ նվիրաբերելու գործընթացում։
««Կամազ»՝ թույլտվության դիմաց. պետք է հասկանալ՝ արդյո՞ք մյուս դիմորդները նույն ժամանակահատվածում դիմել և շինթույլտվություններ ստացել են, արդյո՞ք եղել են մարդիկ, որոնք այդ ժամանակահատվածում դիմել են քաղաքապետարանին թույլտվություն ստանալու համար և մերժում ստացել։ Այս հարցը պետք է պարզի ընդդիմադիր խմբակցությունների ստեղծած քննիչ հանձնաժողովը։ Ես ուղղակի նմանություններ եմ տեսնում Հայկ Մարությանի և Տարոն Մարգարյանի, «Կամազ»-ների և «Երևան» հիմնադրամի միջև. տեսնում եմ նաև կրկնություններ»,- ասել է Հոկտանյանը։
Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամին անանուն նվիրատուների խոշոր փոխանցումներում Հոկտանյանը կոռուպցիոն լուրջ ռիսկ է տեսնում, առավել ևս, որ դա արվում է անանուն։ «Բայց ասել, որ կոռուպցիա կա, կարելի է միայն այն ժամանակ, երբ բացահայտվի, որ ինչ-որ մարդիկ, ինչ-որ ընկերություններ ստացել են արտոնություններ։ Այդ ժամանակ կարող է բացահայտվել նաև քաղաքական կոռուպցիա»,- ասել է Վարուժան Հոկտանյանը՝ անդրադառնալով Աննա Հակոբյանի ղեկավարած «Սիթի օֆ Սմայլ» կամ «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամին 10 մլն դրամ անանուն նվիրատվությանը։
«Եթե նվիրատուները ստանում են հնարավորություն՝ թելադրել իրենց ձեռնտու քաղաքականություն համապատասխան ոլորտում. դասական իմաստով՝ պետության զավթում են իրականացնում»,- ասել է մասնագետը։
Ըստ Հոկտանյանի՝ պետք է նաև հետևել, թե այդ նվիրատվություններն ինչպես են ծախսվում։
«Երկրորդ խնդիրը հետևյալն է՝ այդ գումարն ինչպես է ծախսվում. հնարավոր է՝ դա ծախսվի կուսակցաշինության և այլ ոչ հաճելի երևույթների համար»,- ասել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» ծրագրի ղեկավարը
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը