Մտահոգությունը գոյություն ունենալու իրավունք ունի, որովհետև Ազգային ժողովում մեծամասնություն ունեցող խմբակցությունը կարողանում է բոլոր նախագծերին քվեարկել այնպես, ինչպես ձեռնտու է կառավարությանը: Այս մասին դեկտեմբերի 11-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ պատասխանելով հարցին, թե Հրայր Թովմասյանի գլխավորությամբ Սահմանադրական դատարանը կարո՞ղ է զսպող օղակ դառնալ իշխանությունների համար և դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելը հենց սրա դեմ է:
«Մենք նույնիսկ արդեն վատ նախադեպ ունեցանք, երբ երկար քննարկումների արդյունքում մենք բերել էինք նախագիծ՝ 3-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձանց նույնպես զինվորների ապահովագրության ֆոնդից փոխհատուցում տալու մասին, հանձնաժողովում երկար քննարկել էինք և դրական դիրքորոշում էր տրվել, բայց հանկարծ առանց որևէ բան ասելու, առանց որևէ հիմնավորման կառավարության դիրքորոշումն արտահայտեց փաստացի մեծամասնությունը: Ըստ այդմ բավականին քիչ են մեր վերահսկողական լծակները»,- նշեց պատգամավորը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը