«Հետք»-ը գրում է․ «Հետք»-ի տեղեկություններով՝ տարվա սեպտեմբերի 18-ին Պաշտպանության նախարարությունը 2 միլիարդ 389 միլիոն դրամ արժողությամբ պայմանագիր է կնքել «Գազօիլ» ընկերության հետ:
Ընկերությունը հիմնադրվել է 2019 թվականի հունիսի 28-ին, այդ պայմանագրի կնքումից երկուսուկես ամիս առաջ:
Պայմանագրով «Գազօիլ» ընկերությունը հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Պաշտպանության նախարարությանը պետք է մատակարարի 4779 տոննա դիզելային վառելիք։ Որպես մատակարար՝ ընկերությունը ընտրվել է հրատապ բաց մրցույթով։
Իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալներով՝ «Գազօիլ» ընկերությունը հիմնադրվել է այս տարվա հունիսի 28-ին։ Դրա միակ սեփականատերը ազգությամբ եզդի, 27-ամյա Մամե Ամիրյանն է։ Սակայն ընկերության իրական սեփականատերը 2018 թվականի խորհրդարանական ընտրություններում Արարատի մարզից «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռոման Մուրադյանն է։ Վերջինս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ չէ, համակիր է:
«Իմ ֆիրման է։ Այդ ժամանակ, որ ֆիրման բացվում էր, Հայաստանում չէի ես։ Ընկերոջս՝ Մամե Ամիրյանի, հետ որոշեցինք բացենք ֆիրման։ Ինքը ուղղակի պարսկագետ է, լավ խոսում է պարսկերեն, որ պայմանագիրը Պարսկաստանի հետ էր, պարսակերենի հետ կապված էր, որոշեցինք, որ ինքը կլինի, մինչ ես կգամ»,- «Հետք»-ի հետ զրույցում ասաց Ռոման Մուրադյանը։
Ռոման Մուրադյանը հնարավոր համարեց, որ հետագայում Մամե Ամիրյանը կարող է դուրս գալ ընկերության սեփականատերերի ցանկից, և վերջինիս փոխարինի ինքը։
Ռոման Մուրադյանն այժմ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահն է՝ փոխարինելով ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանին։ Նշենք, որ Ռոման Մուրադյանը 2016-2018 թթ. եղել է Սննդի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) Երևանի կենտրոնի պետ, 2017-2018 թթ. եղել է ՍԱՊԾ-ի պետի խորհրդական։
Գնումների հաշվետվողականության armpes.am համակարգի տվյալներով՝ «Գազօիլ» ընկերության հետ կնքված պայմանագիրը վառելիքի գնման՝ այս տարվա երկրորդ ամենախոշոր պայմանագիրն է։ Դիզվառելիքի ձեռքբերման ամենախոշոր պայմանագիրը կնքվել է «Մաքսօիլ» ընկերության հետ՝ սույն թվականի հոկտեմբերի 30-ին։ Պաշտպանության նախարարությունը «Մաքսօիլ»-ից ձեռք է բերել 3 միլիարդ 148 միլիոն դրամի ավիավառելիք։
Ռոման Մուրադյանը հավաստիացնում է՝ իշխանության հետ ունեցած կապերը դեր չեն ունեցել մրցույթում
Գնումների հաշվետվողականության armpes.am համակարգի տվյալներով՝ «Գազօիլ» ընկերության հետ կնքված պայմանագիրը վառելիքի գնման՝ այս տարվա երկրորդ ամենախոշոր պայմանագիրն է։ Դիզվառելիքի ձեռքբերման ամենախոշոր պայմանագիրը կնքվել է «Մաքսօիլ» ընկերության հետ՝ սույն թվականի հոկտեմբերի 30-ին։ Պաշտպանության նախարարությունը «Մաքսօիլ»-ից ձեռք է բերել 3 միլիարդ 148 միլիոն դրամի ավիավառելիք։
Ռոման Մուրադյանն ասաց, որ Պաշտպանության նախարարության հայտարարած մրցույթում հաղթել են, քանի որ ամենացածր գինն են առաջարկել։ Հավաստիացրեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կամ իշխանությունում ունեցած ընկերները որևէ դեր չեն ունեցել մրցույթում հաղթելու գործում:
«Պարոն Փաշինյանի գաղափարները ինձ միշտ հարազատ է եղել, չնայած նրան, որ ժամանակին պետական պաշտոնի եմ աշխատել։ Բայց կաշկանդվածություն չկա, որովհետև իմ կուսակցությունը չի խառնվում նման բիզնեսային բաների մեջ»,- ասաց Ռոման Մուրադյանը։
«Գազօիլ» ընկերությունը վառելիք է ներկրում Իրանից՝ պետական գործարանից։ Ընկերությունն ունի բենզալցակայան Շենգավիթ վարչական շրջանի Սևանի փողոց 17 հասցեում։ Մուրադյանն ասաց, որ եթե Իրանից բերվի դիզելային վառելիք, այն առավել մատչելի կլինի, մատակարարումները ցածր գին կունենան։
Ռոման Մուրադյանը նաև հանդիսացել է «Նավթ և Գազ» ընկերության բաժնետերերից մեկը, որը Հայաստան դիզելային վառելիք էր ներկրում Իրաքից։ Դեռևս 2014 թվականին նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի բիզնեսների մասին գրելիս տեղեկացրել էինք, որ «Նավթ եւ Գազ» ՍՊԸ-ի 50 %-ի բաժնետերը Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի ընկերության երբեմնի տնօրեն Խաչատուր Հովսեփյանն էր, մյուս բաժնետերը Ռոման Մուրադյանն էր։ ՍՊԸ-ն հիմնադրվել էր 2013թ. հունիսին եւ վառելիքի առաքում էր իրականացնում Երեւանի ողջ տարածքում, ինչպես նաեւ` Գյումրի, Արտաշատ, Արմավիր, Աշտարակ եւ այլ քաղաքներ: Ընկերությունն այժմ գործունեություն չի ծավալում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը