01 12 2019

Ստի ու խարխափի մեջ հյուծվող Հայաստաան․ Լիլիթ Գալստյան

Ստի ու խարխափի մեջ հյուծվող Հայաստաան․ Լիլիթ Գալստյան

ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը գրում է․

«ԳուցԷ միամտութիւն է, կամ՝ համաշխարհային պատմական փորձից հետևութիւններ անելու անբավարար շրջահայեացութեան արդիւնք: Բայց դժուար էր ենթադրել, որ յեղափոխութիւնն այսքան արագ կը մսխի ու կը խժռի իր իսկ յայտարարած արժէքները:

Սէրը, համերաշխութիւնն ու, ամենակարևորը՝ սոցիալական պետութիւնն իբրև իշխանափոխութեան հիմնական կարգախօս դարձրած իշխանութիւնն ի՜նչ արագ հոգեփոխուեց, ի՜նչ արագ դիմակազերծուեց, ի՜նչ ակնթարթային կարողացաւ հասարակութիւնը ջլատել, բաժանելով՝ իւրայինների և գետնին <<պառկցնելու>> պոտենցիալ թեկնածուների:

Բովանդակային գործ անելու փոխարէն՝ ինչը ենթադրում էր Հայաստանի ապագայի մոդէլի ընտրութիւն, հանրային համերաշխութիւն, ստեղծարար օրակարգեր, երկրի կենսական ոլորտների համար ռազմավարական, հայեցակարգային ծրագրերի մշակում, աշխարհաքաղաքական, ազգային ու գլոբալ ռիսկերի գնահատում ու վերլուծութիւն, հրապարակ են նետւում գաղափարներ, նպատակադրումներ և գաղափարներ, որոնք երկիրն ու հասարակութիւնը կանգնեցնում են ռիսկերի առաջ, ջլատում մեր հաւաքական տեսլականը:

Շուէդական Nordic Monitor պարբերականն օրերս գաղտնազերծում է Թուրքիայի՝ Հայաստանի վրա յարձակուելու <<Ալտայ>> ծրագիրը, իսկ Հայաստանում՝ լռութիւն… Ադրբեջանն օրեցօր ահագնացնում է ռազմատենչութիւնը, խտացնում սահմանային կուտակումներն ու ակնյայտօրէն պատերազմի պատրաստւում, իսկ Հայաստանում այս սպառնալիքներն անբացատրելիօրէն չտեսնող «ԻՄ ՔԱՅԼ»-ի ականաւոր ներկայացուցիչն հանդէս է գալիս իր երազած Հայաստանի մասին հրապարակային-քաղաքական նախաձեռնութեամբ. 10 մլն դրամով և մէկ ամիս ծառայելով, կարելի է զինուորական գրքոյկ ստանալ ու բանակից ու ազգային պարտքից ազատուած համարուել:

Այս անմեղսունակին ինչպէ՜ս բացատրես, որ քո երազը մեր անվտանգութեանը վնաս է…Իսկ գուցէ այսպիսին է մեզ խաղաղութեան պատրաստելու դրսի օրակարգը...

Մենք՝ միամիտներս, կարծում էինք, թէ իշխանութիւնների և պետութեան համար բոլոր քաղաքացիները հաւասար արժէք պէտք է ունենան, համոզուած էինք, որ իշխանութիւնները բարեկեցութեան քաղաքականութիւն պէտք է որդեգրեն ոչ միայն իւրայինների, այլ անվերապահօրէն բոլոր քաղաքացիների և ողջ հասարակութեան համար։

Բայց կարծում էինք…որովհետև շատ քիչ ժամանակ պահանջուեց արձանագրելու, որ իշխանութեան իւրայիններն ու մնացած բոլորը տարբեր բևեռներում են, տարբեր աշխարհներում, տարբեր ակնկալիքներ ու տարբեր պահանջներ ունեն:

Թւում էր, թէ Պետական Եկամուտների Կոմիտէում գաղտնազերծուած պարգևավճարների սկանդալից յետոյ իշխանութիւնն իր սոցիալական քաղաքականութեան ու սոցիալական արդարութեան ընկալումներում ճշգրտումներ կ՚անի, բայց՝ ո՛չ:

Աւա՜ղ, քաղաքական բարոյականութիւնը չափանիշ չէ, ոչ էլ՝ պահանջարկ վայելող արժէք:

Երբ պարզուեց, որ ամիսներ շարունակ կառավարութեան անդամներն ու բարձր էշելոնի պաշտօնեաները գաղտնաբար 1 միլիոն և աւելի աշխատավարձ են ստացել, անգամ ներողութիւն չհնչեց, անօրինականութիւնն ու սուտը մեկնաբանուեց մերկապարանոց պատճառաբանութեամբ՝ անցեալի իներցիայով:

Բայց նորերի փողասիրութիւնն ու շքեղասիրութիւնն այսքանով չի աւարտւում. մեր հարկերի և մեր հաւաքական հնարաւոր բարեկեցութեան հաշւին Ազգային Ժողովում վերջին տասը ամիսներին 14 անգամ պարգևավճար է բաժանուել` 1մլն 900 000 դոլարի պարգևավճար: 14 անգամ…

Նորերը նաև ճամբորդել են սիրում. 2019 թ. պետական բիւջէով կառավարութեան արտասահմանեան պաշտօնական գործուղումների համար նախատեսուած տարեկան 350 մլն դրամն արդէն տարուայ ընթացքում տարբեր որոշումներով հասցուել է 550 մլն դրամի, արտասահմանեան գործուղումների տարեկան բիւջէն աւելացուել 310 մլն. դրամով:

2019 թ. պետական բիւջէով նախատեսուած կառավարութեան պահուստային ֆոնդի հաշւին Ազգային ժողովին՝ գործուղումների համար յատկացուել է 892 միլիոն 628 հազար դրամ, որից՝ առաջին կիսամեակում՝ 434 միլիոն 606 հազար դրամ, ինն ամսում՝ 695 միլիոն 809 հազար դրամ:

Երևանի քաղաքապետարանում էլ են փող սիրում. եռամսեակը մէկ՝ իրենց աշխատավարձերի կրկնակիից աւելի չափով պարգևավճար են ստանում. պարգևավճարները 700 միլիոնից հասել են 1մլրդ 900 հազար դրամ:

Իսկ անտէրութիւնից ու անխնամութիւնից օրեցօր խամրող քաղաքում կրճատւում են կանաչապատման ծախսերը…Կոռուպցիան յաղթահարած, ժողովրդավարութեան բաստիոն նոր Հայաստանում (այո՛, այսպիսի յայտարարություն էլ է եղել) սկանդալներն յաջորդում են միմեանց, իսկ քաղաքապետն իր կամազային, արդէն չկոծկուող գործարքն արդարացնում է քաղաքի գործերը <<առաջ բրդելու>> վճռականութեամբ:

Ես Հայկ Մարութեանին չեմ մեղադրում։ Սիթքոմից քաղաքապետի աթոռին փոխադրուած Հայկն, իր շատ թիմակիցների պէս, հաւանաբար չի հասցրել սկզբունք ճշտել, որ <<առաջ բրդելու>> միակ չափանիշը ՀՀ օրէնքներն են, Սահմանադրութիւնն ու քաղաքական պատասխանատւութեան ու բարոյականութեան՝ գուցէև չգրուած օրենքնե՛րը:

Ու այս ֆոնին, թւում է, թէ մարզպետի վարորդի կամ եղբօր կողմից անհնազանդ վարսաւիրին ահաբեկելը, մէկ այլ մարզպետի կամ իր թիմի կողմից գնդապետին ծեծելը, Մետրոյի Հանրապետութիւն կայարանում գալարուող ոռնոցն իբրև մշակոյթ ներկայացնելը, բիւջէով նախատեսուած տասնեակ սոցիալական ծրագրեր թղթին թողնելը, առանց մրցոյթի պետական տասնեակ գնումներ իրականացնելը, հայագիտական առարկաները բուհերից դուրս մղելը, կեղծ հերոսներին հովանաւորելը և էլի ու էլի բաներ, միլիոններ մանրուք են:

Մանրու՞ք…աւա՜ղ, սրանք միայն առաջին հայեացքից են մանրուք։ Միացրէք այս խճանկարն ու կը տեսնէք, թէ ինչպէս է ստի, տեսլականազերծ խարխափի և անարդիւնաւէտ կառավարման մէջ հիւծւում է Երկիրը, ապաոգեղենանում՝ Հայաստա՛նը…

Ի դէպ, կեղծ օրակարգերով հանրութեան ուշադրութիւնը շեղելու ռեսուրսներն էլ են մի օր սպառւում։

2019-ի աշնան վերջին օրը»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ