30 11 2019

Նիկոլը ամբողջովին ձախողել է ՀՀ արտաքին քաղաքականությունը․ կարծիք

Նիկոլը ամբողջովին ձախողել է ՀՀ արտաքին քաղաքականությունը․ կարծիք

Արթուր Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Նիկոլը ամբողջովին ձախողել է ՀՀ արտաքին քաղաքականությունը և գործընկեր պետությունների հետ ունեցած հարաբերությունները հասցրել բավականին ցածր մակարդակի:

Նիկոլի ընդդիմադիր քաղաքական գործունեության տարիներին քննադատության հիմնական թիրախներից էին ՀՀ իշխանությունների գործուղումներն ու արտասահմանյան այցերը։ Հիմնական շեշտադրումն այն էր, որ «պետության հաշվին ծախսված միլիոններն իրենց նպատակին չեն ծառայում», և «իշխանությունների գործուղումներն անպտուղ ու անարդյունավետ են»։ Նրա խոսքով՝ դրանք «զրո արժեք ունեցող» այցեր են։ Իրականում այս պոպուլիզմի մեջ ճշմարտությունն այն է, որ ցանկացած պետական պաշտոնյա իր պաշտոնական այցերի շրջանակում պետք է արդյունավետություն ունենա և, նախ և առաջ, առաջնորդվի պետական շահով։

Փորձենք համեմատականներ անցկացնել, թե ինչ արդյունքներ են գրանցվել արդեն վարչապետ Նիկոլի մեկուկես տարի կառավարող գործուղումների արդյունքում և համադրենք նախկին «կոռումպացված» համակարգի գործուղումների հետ։

1.Ռուսաստանի Դաշնություն. Նիկոլի կառավարությունը ՀՀ բոլոր կառավարություններից ամենառուսամոլն է, քանի որ առիթը բաց չի թողնում «վազել» Մոսկվա և իր հերթական «սիրո ու հավատարմության» խոստումը հղել ՌԴ շխանություններին և ասեմ ավելին, որ իր թվով 9 այցերի ընթացքում Նիկոլը ՌԴ-ում չի ունեցել ոչ մի պետական այց: ժամանակին ընդդիմադիր Նիկոլը ՀՀ քաղաքական դաշտում ամենահակառուսական քաղաքական գործիչն էր, մեջբերում Նիկոլի խոսքերից՝ (Ապրիլյան պատերազմը հրահրել է ՌԴ-ն՝ Ադրբեջանին ԵԱՏՄ բերելու համար, ՀՀ-ին պարտադրվել է մտնել ԵԱՏՄ՝ գազի գնի բարձրացման սպառնալիքով, ՀԱՊԿ-ն ՌԴ շահերը սպասարկող կառույց է, և այլն. սրանք այն մի քանի թեզերն են, որոնք առավել ակնհայտ կերպով ընդգծում են Նիկոլի հակառուսականությունը)։

2. Բրյուսել. 2018-ի իրադարցություններից հետո Նիկոլը ուղևորվեց Բրյուսել և, ինչպես ինքը այնուհետև ամփոփեց, Բրյուսելում ընդամենը տեղի է ունեցել արձանագրում, որ ԵՄ-ն լիարժեք պատրաստ է աջակցել ՀՀ-ին՝ բարեփոխումների և Հայաստանում զարգացման ծրագրեր իրականացնելու օրակարգով: Այնուհետև «Զվարթնոց» օդանավակայանում Նիկոլը դժգոհում էր, թե «Եվրոպայում իրեն փող չտվեցին»։ Իսկ Սերժ Սարգսյանի վերջին այցերը Բրյուսել բավական հաջողված էին, ի վերջո, հենց այդ այցերի արդյունքում էլ ստորագրվեց ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագիրը, որը Նիկոլի իշխանության մեկուկես տարվա ընթացքում դեռևս չի վավերացվել 12 պետությունների կողմից։

3.Չինաստան. Նիկոլի Պեկին կատարած այցը ֆորմալ բնույթեր կրում և չուներ հագեցվածություն, ավելացնեմ, որ «հեղափոխականների» հետ երկկողմ հանդիպումների ժամանակ կողմերը հեռանկարային են համարել համագործակցության զարգացումը գյուղատնտեսության, տրանսպորտի, էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների, կրթության և այլ ոլորտներում: Կողմերը պայմանավորվել են նաև հետագա համագործակցության քայլերը քննարկել գերատեսչությունների մակարդակով: Նիկոլը նաև ներկա է գտնվել «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովի բացմանը և գալա համերգին: Համեմատելով անդրադառնանք Սերժ Սարգսյանի Չինաստան կատարած պաշտոնական այցին, պետք է արձանագրենք, որ այցի շրջանակներում կնքվել են տասնյակ պայմանագրեր, ինչպիսք են` «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ստեղծման գործում համագործակցության ամրապնդման մասին» հուշագիրը, «ՀՀ Կենտրոնական բանկի և ՉԺՀ ժողովրդական բանկի միջև հայկական դրամ/չինական յուան երկկողմանի SWAP կարգավորումների մասին» համաձայնագիրը, կնքվել են նաև այլ պայմանագրեր՝ ատոմային, քրեական, տեխնիկատնտեսական, Չինաստանի կողմից ՀՀ-ին արտոնյալ վարկի տրամադրման, մաքսային ոլորտի համագործակցության և փոխօգնության, գիտական աստիճանների փոխադարձ ճանաչման, ինչպես նաև ընդլայնված ռազմական համագործակցության ոլորտներում:

4.ԱՄՆ. ԱՄՆ-ը այցին Նիկոլը երկար էր տրամադրվում, սակայն պետք է փաստեմ, որ այնուամենայնիվ այցի արդյունքների և գործնական հաջողությունների մասին վաղ է խոսել, քանի որ լուրջ ձեռքբերում ԱՄՆ-ից Նիկոլը իր հետ Հայաստան չէր բերել, և բացի ՄԱԿ-ում ունեցած իր ելույթից, նա ոչ մի պաշտոնական ընդունելություն չունեցավ՝ հանդիպելով միայն տեղի հայ համայնքի հետ։ Հավելեմ,որ չարտերային չվերթի համար պետբյուջեից ծախսվել է 330 հազար դոլար։

5.Իտալիա. Հանրությանն այնքան էլ հասկանալի չէին այն նպատակները, որոնք ստիպել էին Նիկոլին մի քանի օր անցկացնել Իտալիայում (այց Սուրբ Ղազար կղզի, Լա Սկալա օպերա): Իսկ Սենատի նախագահի հետ ունեցած հանդիպումը, որի ընթացքում մի քանի սկանդալային միջադեպերը խոսում են, որ այս այցը հերթական արհեստական այցն էր և բովանդակային ոչ մի ձեռքբերում, ու մեծ ակնկալիք այդ այցից չի կարելի սպասել։ Սերժ Սարգսյանի 2015 թվականի այցը Իտալիա, որի ընթացքում Սարգսյանը հանդիպում էր ունեցել Իտալիայի պաշտպանության նախարար Ռոբերտա Պինոտիի հետ, Իտալիայի Հանրապետության Նախագահ Սերջիո Մատարելլայի հետ, Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահի և Սենատի նախագահի հետ (հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենի հետ), ընթրիք է ունեցել իտալացի խորհրդարանականների հետ, հանդիպում է ունեցել Հռոմի քաղաքապետ Ինյացիո Մարինոյի հետ, ներկա է գտնվել Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթողի՝ խաչքարի բացման և օծման արարողությանը, մասնակցել է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանի կողմից տրված ընթրիքին (որին ոչ մի բարձրաստիճան պաշտոնատար անձ չի մասնակցել), հետո, վերջապես, Վատիկանում մասնակցել է Նորին Սրբություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից մատուցված պատարագին, առանձնազրույց ունեցել նրա հետ, ապա ըստ էության ավելացնելու ոչինչ չունեմ: Նիկոլը ժամանակին բացահայտ թիրախավորել էր Սերժ Սարգսյանին՝ «զրո արդյունք տվող» արտասահմանյան գործուղումների համար, այստեղ պետք է նշենք, որ ներկայումս մենք տեսնում ենք, որ Նիկոլն ինքը ոչնչով չի փայլում, ավելին՝ ամբողջովին ձախողել է ՀՀ արտաքին քաղաքականությունը և գործընկեր պետությունների հետ ունեցած հարաբերությունները հասցրել բավականին ցածր մակարդակի։

Հ.Գ. Նիկոլն ու թիմակիցները վերջին մեկուկես տարվա ընթացքում նախկին իշխանությունների կողմից կնքված ու նախնական համաձայնության փուլում գտնվող բոլոր հարցերը վերագրում են իրենց՝ դառնալով դրանց լիիրավ տերերը, իսկ յուրաքանչյուր ձախողման մեջ փորձում են մեղավոր ու պատճառ դարձնել հակահեղափոխականների «հակապետական» քայլերը:

Հ.Գ.Գ. Միջազգային հարթակներում պետության ղեկավարների պաշտոնական այցերը առանձնակի կարևորություն ունեն պետության արտաքին իմիջի համար և մատնանշում են տվյալ պետության արտաքին վեկտորների ու դիվանագիտական տեսլականի խորքային պատկերը։ Այս առումով գերկարևոր է երկրի առաջին դեմքերի ներկայացվածությունը միջազգային հարթակներում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ