29 11 2019

Ո՞ւմ գերին է Երևանի քաղաքապետը. Գագիկ Համբարյան

Ո՞ւմ գերին է Երևանի քաղաքապետը. Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ո՞ւմ գերին է Երևանի քաղաքապետը…

Արդեն չորս օր է՝ ԶԼՄ-ներում և սոցցանցերում ակտիվ քննարկվում է Երևանի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքի աղբահանության համար օգտագործվող 54 աղբատար մեքենաներից 21-ի նվիրատուների ով լինելը:

Խնդիրն այն է, որ մայրաքաղաքի իշխանությունները բացահայտեցին, որ թափանցիկ չեն աշխատում… Ինչո՞u պետք է աղբահանության համար նվիրատված մեքենաների մասին հանրությունը ժամանակին չիմանար քաղաքապետից, այլ վերջինս ստիպված էր այդ փաստը բացահայտել ավագանու նիստի ժամանակ՝ ավագանու անդամներից մեկի հարցադրման արդյունքում: Ավելին, Երևանի քաղաքապետը, մինչև նոյեմբերի 28-ը տառապելով ամնեզիայով, չէր ցանկանում հիշել, թե ովքեր և որ կազմակերպություններն են այդ մեքենաները նվիրել մայրաքաղաքին:

Նախ, սկսենք նրանից, որ աննորմալ երևույթ է, երբ Երևանի քաղաքապետարանն իրեն թույլ է տալիս ստանալ այդպիսի նվերներ… Դա բացահայտ կոռուպցիա է… Ինչպես ասում են՝ «Անվճար պանիրը լինում է միայն թակարդում…»:

Ի՜նչ նվիրատվության մասին է խսքը: Համոզված եմ, որ այս տեսակ նվիատվություններ անողներն ունեն սեփական շահերը և սպասելիքները քաղաքապետարանից, որի ապացույցները նույեմբերի 28-ին ներկայացրեց հենց քաղաքապետարանը՝ հրապարակելով այն 5 կազմակերպությունների անունները, ովքեր մայրաքաղաքին նվիրել են 21 աղբատար մեքենա:

Այսպես, Երևանի քաղաքապետարանին 14 մեքենա նվիրած «Ն և Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն, որը գրանցվել է 2019 թ-ի հունվարին, պատրաստվում է Երևանում 6 հատ 18 հարկանի շենք կառուցել: Այս բացահայտումից հետո որևէ մեկը կարող է հայտարարել, որ այդ 14 մեքենաները վերը նշված ընկերությունն առանց հետին մտքերի է նվիրել մայրաքաղաքին: Իհարկե՝ ո՛չ… Այս ամենից բացահայտ կոռուպցիոն գործարքի հոտ է գալիս: Ինչպե՞ս կարող էր ընդամենը սույն թվականի հունվարին գրանցված կազմակերպությունը, որն, ըստ օդում կախված տեղեկությունների, չունի շինթույլտվություն, հենց այնպես Երևանում բուռն շինարարական գործունեության թույլտվություն ստանալ:

Ենթադրում եմ, որ «Ն և Ս Քոնսթրաքշն»ՍՊԸ-ն այդ ամենը վաստակել է՝ 14 աղբատար մեքենա նվիրելով քաղաքապետարանին…

Խիստ կասկածելի էր նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի արձագանքն այն հարցին, թե արդյոք գործարար Սամվել Ալեքսանյանը ևս աղբատար մեքենաներ է նվիրել քաղաքապետարանին: Պարոն Մարությանը պատասխանեց, որ չի հիշում, իսկ նոյեմբերի 28-ին իր «խնչագետ» մամլո խոսնակը, անցնելով բոլոր բարոյական սահմանները, փորձում էր հասարակությանը համոզել, որ «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ն, որը քաղաքապետարանին 3 աղբատար է նվիրել, Սամվել Ալեքսանյանինը չէ և դա ապացուցում էր նրանով, որ վերը նշված կազմակերպության հիմնադիրն այլ մարդ է: Տեսնե՞ս՝ «խնչագետ» նախկին լրագրողն իր ասածին գոնե հավատում է: Տխրեցնեմ նրան և հիշեցնեմ, որ նույն Ալեքսանյանը երբեք չի հերքել, թե իրականում ո՛վ է կանգանծ «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ի հետևում:

Չեմ զարմանա, եթե պարզվի, որ Հայկ Մարությանը պարոն Ալեքսանյանին և մյուս գործարարներին, ովքեր ևս աղբատար մեքենաներ են նվիրել Երևանի քաղաքապետարանին ինչ-որ ձևաչափով շնորհակալություն հայտնի, ինչպես ասենք «Ն և Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ին հայտնեց՝ թույլ տալով վերջինիս մայրաքաղաքում կառուցել 6 հատ 18 հարկանի շենքեր:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանակին նախորդ իշխանություններին արդարացիորեն քննադատում էր որոշ գործարարների և օլիգարխների գերին լինելու համար, որոնք հովանավորում էին իշխանավորներին՝ դրա դիմաց ստանալով այն ամենն ինչ ցանկանում էին: Սակայն վերջին սկանդալային բացահայտումները կապված Երևանի քաղաքապետարանի կողմից նվեր ստացված 21 մեքենաների հետ` ապացուցում են, որ Հայաստանում այս ոլորտում ոչինչ չի փոխվել…Երևանի իշխանությունները, ի դեմս Հայկ Մարությանի, դարձել են կոռուպցիոն սկանդալի հեղինակներ՝ դառնալով գերին այն գործարարների, որոնք աղբատարներ են նվիրել քաղաքապետարանին:

Հ.Գ. Համոզված եմ, որ այդ նվեր ստացած «զիբիլի ավտոների» սկանդալային պատմության մասին լավատեղյակ է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը… Տեսնենք, երբ է վերջինս Սպայդերմենի պես հայտնվելու, և ինչպես որոշ ժամանակ առաջ փրկեց սուպերնախարար Արայիկ Հարությունյանին, այնպես էլ այս խայտառակ պատմությունց փրկելու Հայկ Մարությանին…»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ