Երբ իշխանությունները ծառահատումները կանխարգելելու նպատակով Իջևանի բնակիչների նկատմամբ բռնություն կիրառեցին, Նիկոլ Փաշինյանի նկատմամբ այնտեղ ձևավորվեց ատելություն, որը մինչև օրս այդպես է, Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ եթերում հեռարձակվող «Հայելու առաջ» հեղինակային հաղորդաշարի ընթացքում ասել է քաղաքական գործիչ Աղվան Վարդանյանը: Վարդանյանի խոսքով՝ այս իշխանություններն իրականությունից կտրված են և չեն հասկանում՝ իրենց նկատմամբ հասարակական ինչ վերաբերմունք կա:
Խոսելով կառավարության որոշմամբ գիշերօթիկ դպրոցները փակելու մասին՝ Աղվան Վարդանյանը նշել է, որ այս դպրոցների փակման հետևանքները մենք շուտով կտեսնենք և առանց ուսումնասիրության նման քայլերի գնալը թողնելու է բացասական հետևանքներ: Նա ընդգծել է, որ երբ ասում են՝ այս կառավարությունը ձախողել է, նշանակում է՝ ձախողել է բոլոր ոլորտներում:
Հարցին՝ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» առարկաների ոչ մասնագիտական բաժիններում ոչ պարտադիր ուսուցման շուրջ աղմուկ բարձրացնողներին Նիկոլ Փաշինյանն անընդհատ ասում է՝ էդ ումի՞ց եք պաշտպանում մեր լեզուն, ինձանի՞ց, Աղվան Վարդանյանն ասաց. «Այո, «Հայոց լեզուն», «Հայոց պատմությունը» պետք է պաշտպանել Նիկոլ Փաշինյանից: Խոսքով մի բան են ասում, բայց իրենց քայլերն ապազգային են»:
Անդրադառնալով «Վերնատուն» կառույցի ստեղծմանն ու գործունեությանը՝ Աղվան Վարդանյանն ուշադրությունը հրավիրեց այն մարդկանց վրա, ովքեր «կախվում են» այդ կառույցի անունից: Նրա խոսքով՝ այդ մարդկանց, եթե հարցնես Թումանյանի «Վերնատան» անդամներից քանիսի անունը կհիշեն, չեն կարող պատասխանել: Աղվան Վարդանյանը չի հասկանում՝ ինչու են իշխանությունն ու իր «ֆեյքերը» վայնասուն կապել այդ հավաքից հետո։«Հավաք-քննարկմանը կար օրակարգային երեք կարևորագույն հարց: Նայե՛ք մեր բարձրացրած հարցերին և այս իշխանության օրակարգ բերած հարցերին: Չնայած պարզ է՝ ինչու էին այդպես աղմկում, որովհետև վախենում է իշխանությունը»,– ասաց նա:
Աղվան Վարդանյանը համոզված է՝ ընթանում է արժեհամակարգի ու մարդկային տեսակի կռիվ և այդ կռվում հաղթելու է հայկականությունը:
Եզրափակելով խոսքը և հետհայացք գցելով մոտ երկու տարի առաջ Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին՝ Աղվան Վարդանյանը նշել է, որ այս ամենի իրական պատկերը շատ պարզ է: Վերջինիս կարծիքով՝ այսօր իշխանությունը փորձում է կռվացնել Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, որն իրականում անհույս զբաղմունք է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը