Tert.am-ը գրում է․ «Երևանի Դավթաշեն վարչական շրջանի պատվիրակության՝ Ֆրանսիա նախատեսված գործուղման ծախսը կկազմի շուրջ 1 մլն դրամ: Այս մասին Tert.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հայտնենք, որ քաղաքապետի որոշմամբ` հաշվի առնելով Ֆրանսիայի Անտոնի քաղաքի քաղաքապետ Ժան-Իվ Սենանի հրավերը՝ Անտոնիի ֆրանս-հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպված միջոցառումներին մասնակցելու նպատակով և ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով` Երևանի Դավթաշեն վարչական շրջանի պատվիրակությունը 2019 թվականի նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 2-ը Ֆրանսիա կգործուղվի:Գործուղման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվում են Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի միջոցների հաշվին` Դավթաշեն վարչական շրջանի մասով, բացառությամբ գիշերավարձի, որը հոգում է հրավիրող կողմը:
Հարցին, թե ինչ արդյունքներ են ակնկալվում գործուղումից և որքան է տրամադրվելու Երևանի բյուջեից գործուղման համար, քաղաքապետարանից պատասխանել են. «Գործուղումը կկազմակերպվի Ֆրանսիայի Անտոնի քաղաքի և մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանի համագործակցության շրջանակում՝ տարբեր ոլորտներում փորձի փոխանակման նպատակով: Նախատեսվում են հանդիպումներ նաև տեղի հայ համայնքի հետ:
Նշենք, որ մայրաքաղաքի վարչական շրջաններից յուրաքանչյուրի տարեկան գործուղումների համար նախատեսված է 1 մլն դրամ, որը 2018 թվականին Դավթաշեն վարչական շրջանը չի ծախսել: Ֆրանսիայի Անտոնի քաղաք նախատեսված գործուղման ծախսը կկազմի շուրջ 1 մլն դրամ (530.000 դրամ ավիաչվերթ, գումարած օրապահիկ):Ի սկզբանե ֆրանսիական կողմը Անտոնի էր հրավիրել հայկական պատվիրակության 4 ներկայացուցչի, սակայն միջոցներ խնայելու նպատակով Անտոնի կգործուղվեն Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Միքայել Թումասյանը և աշխատակազմի առևտրի, սպասարկումների և գովազդի բաժնի առաջատար մասնագետը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը