Tert.am-ը գրում է․ «Ոչ միայն Հանրային հեռուստաընկերությունը, այլև պետական բոլոր ինստիտուտները իջեցվում են Փաշինյանի կոպիտ, գռեհիկ հայտարարությունների՝ «պատին ծեփելու», «ասֆալտին փռելու» մակարդակին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Մեդիա Պաշտպան» նախաձեռնության ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանը` անդրադառնալով Հանրային հեռուստաընկերության լուրերի ֆեյսբուքյան էջում հրապարակված ծաղրանկարներին:
«Խնդրին կարելի է երկու տեսանկյունից նայել. առաջինն այն է, որ Հանրային հեռուստաընկերությունը, որը սնվում է հանրային փողերով, մեր բոլորի տված փողերով, իրեն թույլ է տալիս միակողմանի, գռեհիկ քարոզչություն, մյուս կողմն այն է, որ այս թեման բարձրացնելով՝ իշխանությունները փորձում են վանել այն կասկածները, որոնք արդեն-իսկ իրենց վզից կախված են: Այսինքն՝ այդ կոռուպցիա կոչվածը, եթե կար նախկին ռեժիմի ժամանակ, հիմա ոչ միայն չի թուլացել , այլև շատ ավելի գռեհիկ ձևեր է ստացել՝ սկսած 2 մլն դոլարով Փաշինյանի տունը վերանորոգելուց, 55 մլն դոլարով նրա համար ինքնաթիռ գնելուց և այլն, և այլն: Այս երկու ֆունկցիան Հանրային հեռուստաընկերությունը վերցրել է իր վրա, որ այդ ամեն ինչը ներկայացնի սխալ լույսի տակ, կամ իր համար հաճելի լույսի տակ»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ հիմա էլ հանրայինն է լծվել նախկին իշխանություններին ծաղրելու գործին, որ ուշադրությունը վարչապետից շեղվի: «Դա է ողջ խնդիրը: Այսօրվա կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ տալիս են մանկապարտեզի բացատրություններ, թե ինքնաթիռը պետության համար է գնվում, ոչ թե Նիկոլ Փաշինյանի, բայց պետությունը 30 տարի է՝ գոյություն ուներ և առանց այդ ինքնաթիռի կարողանում էր «յոլա գնալ»: Ասում են՝ տունը վերանորոգում են պետության համար, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանի, բայց նախկինում 2 մլն դոլարով պետությունը երբեք չի մտածել, որ կարող է իր համար տուն վերանորոգել: Այսինքն այս գռեհկությունները իրենք փորձում են քողարկել ավելի գռեհիկ ծաղրանկարների տակ»,- ասաց նա:
Նա շեշտեց, որ հիմա էլ Հանրային հեռուստատեսությունն է իջեցվում Փաշինյանի մակարդակին: «Այսինքն՝ ոչ միայն Հանրայինը, այլև պետական բոլոր ինստիտուտներն իջեցվում են Փաշինյանի կոպիտ, գռեհիկ հայտարարությունների՝ «պատին ծեփելու», «ասֆալտին փռելու» մակարդակին: Սա նորմալ է, որովհետև Հայաստանում այսօր մենիշխանություն է: Այսօր Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է, որը տարածվում է ոչ միայն վարչապետի աշխատակազմի, այլև ողջ Կառավարության, Հանրային հեռուստատեսության, ինչպես նաև մնացած բոլոր ինստիտուտների վրա»,- ասաց նա»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը