Top-news.am-ը գրում է․ «Երբ Հանրային հեռուստաալիքի հույսը Գագիկ Մելքոնյանի եւ Ազատ Արշակյանի նման անձնավորություններն են, ապա առավել քան ակնհայտ է դառնում, թե ում կամ ինչ մակարդակի մարդկանց վրա է այս իշխանությունների հույսը:
Գագիկ Մելքոնյանին զրուցացնելուց հետո հերթը հասավ Ազատ Արշակյանին, մի մարդու, որին տարիներ առաջ ոմանք քաղհալածյալ, քաղբանտարկյալ էին համարում: Եթե սա է խորհրհդահայ քաղբանտարկյալների մակարդակը, ապա, անկեղծ ասած, հպարտանալու ոչինչ չունենք:
Ինչ վերաբերում է Ազատ Արշակյանի վերջին հարցազրույցին, ապա ինչ ասես մի մարդու մասին կամ նրա ասածների վերաբերյալ, երբ ընդամենը երկու տարի առաջ մասնակցում էր Սեյրան Օհանյանի քարոզարշավին, ընտրողներին հորդորում քվեարկել նրա օգտին, իսկ հիմա գովերգում է նրան, որի կառավարման օրոք Սեյրան Օհանյանը դարձել է քաղհալածյալ, որին արդեն Արշակյանի գովերգած իշխանությունները դատում են:
Ազատ Արշակյանի արկածները քաղաքական դաշտում մեր իրականության, մեր իրողությունների վառ արտացոլանքն են, գործող իշխանությունների ներուժի վկայությունը:
Մի կողմ թողնենք նրա ցածրակարգ մեղադրանքները ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի նկատմամբ, մի կողմ թողնենք, թե ինչ էժանագին հայտարարություններ արեց Վազգեն Մանուկյանի մասին եւ կենտրոնանանք Ազատ Արշակյանի քծնանքի բացահայտ դրսեւորման վրա:
Նա այնքան էր ոգեւորվել Նիկոլ Փաշինյանին գովերգելիս, որ ակամա մեծացրեց նրա տարիքը, ասելով, թե նրա ուսանողական տարիները համընկան սառը պատերազմի տարիների հետ, ինչը առանձնահատուկ կոփեց գործող վարչապետին: Սառը Պատերազմի ավարտին Փածինյանը 13 տարեկան էր, ընդամենը 13 տարեկան:
Այնպես որ, իշխանությունները սրան կամ նրան եթերում զրուցացնելուց առաջ պետք է մի լավ նախապատրաստական աշխատանք տանեն, այլապես այս խայտառակ պատկերն է ստացվում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը