Նոյեմբերի 12-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԳՆ-ն:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Արցախի Հանրապետության և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում իրավիճակին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվող դիտարկումներին վերաբերող մի շարք հարցեր։
Զրուցակիցները նշել են հակամարտության գոտում կայունության պահպանման անհրաժեշտությունը։ Ընդգծվել է նաև հակամարտության կողմերի միջև վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման կարևորությունը՝ խաղաղ գործընթացի առաջմղման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը