06 11 2019

Ստոլիպինի և բոլշևիկների գործի շարունակողները․ Top-news.am

Ստոլիպինի և բոլշևիկների գործի շարունակողները․ Top-news.am

Top-news.am-ը գրում է․ «Կառավարության ցանկացած որոշում, անգամ ցանկացած անհեթեթ որոշում կարելի է հիմնավորել, արդարացնել գեղեցիկ բառերով եւ հետաքրքիր մտքերով: Ավելին, կարելի է բազմաթիվ հիմնավորումներով պնդել, թե այն արվում է հանուն ժողովրդի, բայց դրանից խնդրի էությունը չի փոխվում: 

Հնարավոր է ծաղրել նրանց, ովքեր քննադատեն կառավարության այս կամ այն որոշումը, նրանց ներկայացնել որպես առաջադիմությանը խանգարող ուժեր: Սրա միջով մենք եւս անցել ենք:

Դուք կարծո՞ւմ եք, թե եկեղեցու դեմ պայքարը միանգամից է սկսվել: Ոչ, իհարկե՝ ոչ: Սկզբում քննադատում, ծաղրում էին նրանց, ովքեր եկեղեցի էին գնում, հետո սկսեցին ծաղրել, քարկոծել քահանաներին, հետո բռնագրավեցին եկեղեցու գույքը, իսկ կաթողիկոսին արդեն հետո երրորդ հարկից ցած գցեցին եւ սպանեցին: Դրանից հետո արդեն հասարակությունը պատրաստ էր եկեղեցու շենքում կինո դիտել, այն շենքում, որը կրում էր «Անհավատ» անունը:

Հիմա էլ մեզ ուզում են բացատրել, թե Հայ եկեղեցու պատմություն առարկան դպրոցից վերացնում են հանուն մեր երեխաների: Դե հո չէին ասելու, թե սա անում ենք ժողովրդին հավատից, եկեղեցուց կտրելու համար: հաստատ չեն ասի: Ասում են գրքերը լավը չեն, ասում են ուսուցիչներն են վատ, ասում են, թե չի կարելի պատմությունը տարանջատել մասերի, իբր չեն հասկանում, թե ինչ խնդիր է լուծում Հայ եկեղեցու պատմությւոն առարկան:

Դե իսկ հայոց լեզուն եւ հայոց պատմությունը բուհերից դուրս են մղում, կրկին պնդելով, թե այն անում են հանուն առաջադիմության, զարգացման, հանուն ժողովրդի: Իսկ դուք կարծում եք Ստոլիպինն ի՞նչ հիմնավորումներ էր բերում դպրոցներից հայերենը վերացնելիս: Նա եւս ասում էր, թե ամեն ինչ արվում է հանուն հայ ժողովրդի առաջադիմության: Կարծո՞ւմ եք հայեր չեն եղել, որոնք պաշտպանել են այդ որոշումը: եղել են, ինչպես հիմա կան:

Բնականաբար չեն ասելու, թե ցանկանում են ունենալ եկեղեցուց կտրված, հայերենին վատ տիրապետող, հայոց պատմությանը մակերեսային կամ ընդհանրապես չտիրապետող հանրություն, որին կառավարելը, քթից բերած այս ու այն կողմ տանելը շատ հեշտ կլինի: Այդ հանրությանն արդեն այնքան հեշտ կլինի համոզել, որ համասեռամոլ զույգն ընտանիք է եւ անգամ կարող է երեխա որդեգրել, երեխա մեծացնել:

Ձեզ թվո՞ւմ է Եվրոպան այսպես միանգամից փոխվեց: իհարկե՝ ոչ: Սկզբում Եվրամիության ստեղծման հիմնարար փաստաթղթից հանեցին ընդամենը մեկ նախադասություն՝ ԵՄ-ն հիմնվում է քրիստոնեական արժեհամակարգի վրա: Հռոմի պապը չկարողացավ դիմադրել, հանրությունը չկարողացավ դիմադրել: Իսկ հետո արդեն համասեռամոլներն ամուսնացան, երեխաներ որդեգրեցին, երկրներ ղեկավարիրեցին: Ոչինչ, որ բնական աճ չկա, այն մինուսային է:

Չկարծեք, թե Մեծ Բրիտանիան ԵՄ-ից ճողոպրում է տնտեսական դրդապատճառներով: ոչ՝ Անգլիան հեռանում է խորտակվող նավից:

Հիմա փորձում են կոտրել մեր հազարավոր տարիներով ձեւավորված համակարգին: Ջարդել կին-տղամարդ ավանդական փոխհարաբերությունները, հեղինակազրկել եկեղեցին, հնարավորին չափ նվազեցնել մայրենի լեզվի դերը, իսկ հետո արդեն ամբողջովին կտրել պատմությունից, որից հետո արդեն...

Եւ այսօր որեւէ մեկը չի ասում գրաքննություն մտցնենք: Ոչ, ընդամենն ասում ենք ինչու հիմարությանը հատկացնում եք երեք միլիոն, իսկ կարեւոր խնդիրների լուծմանը, նորմալ ներկայացումներին, հետաքրքիր ծրագրերին՝ զրո:

Եւ ինչպես հանրությունը վերաբերվի այն կառավարությանը, որի ղեկավարը պաշտոնանկ չի անում անհաջող նախարարին, որն այնքան է ցինիկացել, որ հայտարարում է, թե սատանիզմի հիմնավորումներով ներկայացումներ չեն արգելվելու:

Սա է իրականությունը, մնացածը բառախաղեր եւ ժողովրդին հիմարացնելու փորձեր: Եւ ծիծաղելի են բոլոր նրանք, ովքեր գրեթե միանման տեքստերով փորձում են արդարացնել կառավարության վերոհիշյալ որոշումները»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ