Հոկտեմբերի 31-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը տեղի է ունեցել ընդունելություն՝ ի պատիվ աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի և նրա գլխավորած պատվիրակության: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԳՆ-ն:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը։
Ընդունելությանն ունեցած իր ելույթում Արցախի ԱԳՆ ղեկավարը շնորհավորել է ներկաներին՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունման կապակցությամբ։
Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձ է կատարել նաև Արցախի Հանրապետության պատվիրակության՝ ԱՄՆ կատարած աշխատանքային այցի արդյունքներին։
Մասիս Մայիլյանն իր երախտագիտությունն է հայտնել հայկական կառույցների ներկայացուցիչներին հետևողական գործունեության համար՝ ուղղված Միացյալ Նահանգներում Արցախի մասին իրազեկվածության մակարդակի բարձրացմանը և հանրապետության շահերի առաջմղմանը։ ԱԳՆ ղեկավարը վստահություն է հայտնել, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող պատմական բանաձևի ընդունումը հեռանկարներ է բացում ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացում նոր հաջողություններ արձանագրելու համար։
Միջոցառման ժամանակ Մասիս Մայիլյանը Արցախի Հանրապետության ճանաչման գործում ունեցած ավանդի համար Հայ Դատի Միչիգան նահանգի հանձնախմբի համանախագահ Լարա Ներսեսյանին հանձնել է Արցախի Հանրապետության «Երախտագիտություն» մեդալ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը