Կառավարության հոկտեմբերի 31-ին նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախքան օրակարգային հարցերի քննարկումը անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը:
«Կարծում եմ, որ սա շատ կարևոր իրադարձություն է Հայոց ցեղասպանության ճանաչման գործում և, անշուշտ, նոր թափ կհաղորդի այդ գործընթացին: Ուզում եմ այս կապակցությամբ իմ գնահատանքի խոսքերն ասել՝ սփյուռքում, տվյալ դեպքում ԱՄՆ-ում գործող հայկական կազմակերպություններին, որոնք տասնյակ տարիներ հետևողականորեն աշխատել են ցեղասպանության ճանաչմանը հասնելու համար՝ ԱՄՆ-ում և տարբեր երկրներում: Գործնականում այս որոշումը երկար տարիներ հասունացել էր, որովհետև ԱՄՆ-ի գրեթե բոլոր նահանգները՝ նահանգային մակարդակում արդեն իսկ ճանաչել էին Հայոց ցեղասպանությունը, ու սա դարձավ այդ գործընթացի գագաթնակետն ու կուլմինացիան:
Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայկական խմբի անդամներին և ընդհանրապես Ներկայացուցիչների պալատի բոլոր այն անդամներին, որոնք կողմ են քվեարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին»,- ասել է կառավարության ղեկավարը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը