27 10 2019

Հունանյանն իր հանցագործությունը շարունակում է․ Գեղամ Մանուկյան. Panorama.am

Հունանյանն իր հանցագործությունը շարունակում է․ Գեղամ Մանուկյան. Panorama.am

Panorama.am-ը գրում է․ «ՀՅԴ անդամ, լրագրող Գեղամ Մանուկյանին դժվար է կարճ ներկայացնել այն, ինչ կատարվեց 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, քանի որ այն, ինչ եղավ այդ օրերին Հայաստանում, նրա գնահատմամբ՝ ուղղակի ողնաշար կոտրել էր:«Քաղաքականորեն դեմ լինելով «Միասնություն» դաշինքին, այնուհանդերձ,  այդ դաշինքի հաղթանակով և մեկ տարի առաջ Լևոն Տեր-Պետրոսյանի հեռացումով, Հայաստանում լրիվ  այլ մթնոլորտ էր ստեղծվել՝  հույսի մթնոլորտ կար, մարդկանց մոտ ոգևորություն, ակնկալիք կար: Ցավոք սրտի, գնդակահարությունը երկար ժամանակով սևացրեց, պարալիզացրեց ամբողջ պետական համակարգը, հասարակությանը, մարդկանց մոտ հույսերը փշրեց»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Գեղամ Մանուկյանը:

Նա նշեց, որ իր համար դժվար է խոսել «Հոկտեմբերի 27»-ի մասին, անձնապես ճանաչել է Նաիրի  Հունանյանին. «Եղել ենք ուսանողական շարժման մեջ, ունեցել ենք ծայրահեղ կոնֆլիկտ, առաջին իսկ տարիներին հեռացրել ենք  նրան Դաշնակցությունից, բոլոր կազմակերպություններից: Վստահ եմ՝ իմ բոլոր ուսանողական ընկերները, համալսարանականները, որոնք այդ տարիներին ճանաչել են Նաիրի Հունայանին, կվկայեն իր արկածախնդրությունը, որը 1988, 1989, 1990 թվականներին դրսևորվել է: Շատ վառ արտահայտված էր արկածախնդրությունը:Նաիրի Հունանյանի ու իր շրջանակի, թեև, վստահ եմ, որ բոլորն էլ ընկած են եղել Նաիրիի խելքին, ամենամեծ հանցանքն այդ օրերին այդ հույսը  կոտրելն էր, եզակի մարդկանց սպանությունները կազմակերպեն էր, բայց Նաիրին իր հանցագործությունը շարունակում է  մինչև հիմա, որովհետև իր գործած ոճրագործությունն այսօր էլ իր բացասական հետևանքներն է ունենում»:Գ. Մանուկյանը պատմեց, որ այն ժամանակ, երբ ահաբեկիչները մուտք են գործել Ազգային ժողով, ինքը Դաշնակցության գրասենյակում է եղել, ռադիոյով կրակոցներ է լսել, բայց կարծել է «Երկրապահ»  պատգամավորներն են, վեճի ժամանակ կրակել են:«Խմբակցութուն էի զանգում, պատասխանող չկա:

Հետո արդեն մի քանի հոգով հավաքվել էինք, երևի կես ժամ էր անցել, քարտուղարուհին Հրանտ Մարգարյանին ասում է, որ զանգել են ու իրեն են ուզում: Վերցնում է՝ ալո, ո՞վ է, ի՞նչ Նաիրի, Նաիրի դու ես… Երկու վայրկյան լսեց ու դրեց հեռախոսը:  Ասաց՝ Նաիրի Հունանյանն է: Շոկ էր, որովհետև ամեն ինչի կհավատայի, որ նույնիսկ Նաիրին կթռներ տիեզերք, բայց չէի հավատա, որ Նաիրին զենքը ձեռքին կմտի Ազգային ժողով: Երկար տարիներ չէի տեսել, Հայաստանում չէր ապրում, շփում չկար, որպեսզի իմանայի, թե մտային ինչ փոփոխությունների էր ենթարկվել»,- ասաց նա: 

Նիստերի դահլիճում գտնվածների համար մարդկայնորեն շատ դժվար է եղել, մահվան աչքերի մեջ են նայել, տարբեր ապրումներ են ունեցել: Մանուկյանը նշեց, որ իրենց ընկերներից մեկը մի քանի ամսով հոգեբանական լուրջ բուժում է անցել,...  ունեցել են ընկեր, որը որևէ վայրկյան չի անհանգստացել, ԱԺ նիստերի դահլիճից զանգել է:Գեղամ Մանուկյանը պատմեց, որ այդ ժամանակ վտանգավոր երևույթ կար. «Փաստորեն բանակը մի պահ անկառավարելի վիճակի հասցվեց:

Այն, ինչ կատարվեց հոկտեմբերի 27 –ին հաջորող օրերին, շաբաթներին, ուղղակի հիմա, երբ որ խոսում են պետական իշխանության զավթման մասին, այդ օրերին այդպես էր: Շատերն են մոռացել, որ առանց Հանրապետության նախագահի, գերագույն գլխավոր հրամանատարի, զորամիավորումների տեղաշարժեր են եղել:Գեներալներն էին իրենց ջիպերով քաղաքում տեր ու տիրականը դարձել, կառավարության շենքը խորովածի ու քաբաբի հոտով էր լցված, որովհետև «Երկրապահն» էր այնտեղ տեր ու տիրականը:Ինքնահոս վիճակ էր, քայքայվում էր պետությունը, կառավարման համակարգը, դավեր էին  նյութվում, սարսափելի շրջան էր, շունը տիրոջը չէր ճանաչում:Խնդիր կար. մենք խաղում էինք ոչ միայն պետական, կառավարման համակարգի միասնակության, ամրության հետ, նաև ամենակարևորը՝ Արցախի անվտանգության հետ: Չէր կարող երկիրն այդպես լիներ: 1998 թվականին իշխանությունից հեռացածներից որոշները բորենու պես փորձում էին ավելի լարել, սրել իրավիճակը, երբ պետք էր ավելի հանդարտեցման գնալ, ապատեղակատվության անհավատալի հոսք էր»:

Հետագա դեպքերը հակիրճ ներկայացնելով՝ վարչապետի պաշտոնից հեռավեց Արամ Սարգսյանը, իշխանությունը կրկին մնաց Հանրապետականին, վարչապետ նշանակվեց Անդրանիկ Մարգարյանը,  ով իր բնավորությամբ, աշխատաձևով՝ բոլորի հետ հարաբերվելու, շփվելու, սուր ծայրերն ավելի կլորացնելու, Հայաստանը մտավ նոր փուլ, բայց, ՀՅԴ-ական գործիչն ընդգծեց, որ  «Հոկտեմբերի 27»-ի  շահարկումը շարունակվում է:

«Կարգավորվեց այդ վիճակը, բայց մի մեծ բացով՝ «Հոկտեմբերի 27»-ի հետաքննություն, մեղավորների բացահայտում, բոլոր այն կասկածները, որոնք կային, փարատում, որը,  ցավոք սրտի, մինչև հիմա էլ չեղավ: «Հոկտեմբերի 27»-ը, ինչպես «Մարտի 1»-ը, շարունակվելու է որոշ անձանց, քաղաքական շրջանակների կողմից շահարկվել: Չեմ կարող ասել, թե դեռ քանի տասնամյակ: Այսօր էլ Ազգային ժողովում կան պատգամավորներ, որոնք այդ օրերին բավականին մութ դերակատարություն են ունեցել, հիմա էլ են փորձում շահարկել:

Տարիների ընթացքում պարբերաբար, կախված իրավիճակից, «Հոկտեմբերի 27»-ը դարձել է այս կամ այն ուժին թիրախավորելու գործիք: Այսօրվա իշխանության մեջ որոշ անձիք այն ժամանակ անսահման հնարավորություն են ունեցել իրականացնել նախաքննություն:Հիմա ժամանակները փոխվել են, մարդիկ փորձում են այլ կերպ ուղղորդել «Հոկտեմբերի 27»-ը»,- ասաց Գեղամ Մանուկյանը:

Նա հիշեցրեց, որ երբ դեռ մարդկանց դիակներն Ազգային ժողովում էին, կային մարդիկ, ովքեր արդեն կառավարության էին կազմում, մարդիկ ՊՆ-ում էին հավաքվում։Գ. Մանուկյանն ասաց, որ ՀՅԴ Գերագույն մարմնում իրենք պահում են արձագրություններ, ցանկացած ընկեր, ով ինչ-որ բան է զեկուցում, թղթի վրա է պահվում. «Հիշում եմ, դեպքերից մի քանի ամիս առաջ Վազգեն Սարգսյանը մեկնել էր ԱՄՆ, վերադարձել էր, մերոնց հետ հանդիպմանը բավականին ոգևորված էր ղարաբաղյան հարցով։ Բառացի բառներն եմ հիշում՝ տղերք, շատ կարճ ժամանակում է լուծվելու այդ հարցը։ Արձանագրություններում կա, հետին թվով գրված տեքստեր չեն։ 1999 թվականի մասին եմ ասում։ Փակագծեր չէր բացել, բայց, իրոք ոգևորված էր»։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ