17 10 2019

Ryanair-ի և Wizzair-ի հետ բանակցությունները տարվում էին դեռևս Սերժ Սարգսյանի օրոք. Ալեքսանդր Լապշին

Ryanair-ի և Wizzair-ի հետ բանակցությունները տարվում էին դեռևս Սերժ Սարգսյանի օրոք. Ալեքսանդր Լապշին

Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինն անդրադարձել է եվրոպական ամենամեծ՝ Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերության մուտքին հայկական շուկա:

«Ամբողջ համացանցն այսօր քննարկում է, թե ինչ հիանալի աղջիկ է Հայաստանի քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը, որ կարողացավ «համոզել» Ryanair-ին գալ Հայաստան: Ինչպիսի անհեթեթություն: Ի՞նչ կապ ունի այդ աղջիկը: Ընկերնե՛ր, հարցն ախր Տաթևիկ Ռեվազյանի՝ ավիաընկերությունների հետ պայմանավորվելու կարողությունը չէ: Հարցն այն էր, որ պետությունը վերացնի ավիաընկերությունների համար օդանավակայանում բոլոր վճարները, որպեսզի նրանք համաձայնեն թռիչքներ կատարել Հայաստան»,- գրել է նա:

Այսօր վճարները մեկ ուղևորի համար, ըստ նրա, կազմում են 76 դոլար, և այդ վճարը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարգադրությամբ իր վրա է վերցրել պետությունը:

«Այդ ամենն ինձ ասել է անձամբ Փաշինյանը՝ դեռ 2018-ի ամռանը՝ ավելի քան մեկ տարի առաջ: Բայց այսօր քչերն են հիշում, որ դեռ Սերժ Սարգսյանի օրոք՝ 2015-ին, Ryanair-ը հստակ դրել էր իր պայմանները՝ վճարումները վերցրեք ձեզ վրա, և մենք կգանք Հայաստան: Չեք վերցնի՝ չենք գա: Շատ պարզ ու հստակ»,- գրել է նա:

Լապշինի խոսքով՝ Ryanair-ի և Wizzair-ի հետ բանակցությունները տարվում էին դեռևս Սերժ Սարգսյանի օրոք, «Տաթևիկից շատ առաջ», պարզապես հին իշխանությունը հրաժարվեց յուրաքանչյուր ուղևորի համար 76 դոլար վճարը վերցնել բյուջեից: Դրա համար էլ Ryanair-ը չեկավ: Առանց բյուջեի գումարների՝ Քաղավիացիայի նախկին նախագահը ոչինչ չէր կարող անել:

«Երբ Հայաստանի բյուջեից տարեկան ավելի քան 5 միլիոն դոլար տրամադրվեց այս վճարների համար, Ryanair-ը միանգամից համաձայնեց: Տաթևիկն ուղղակի գնացել է Եվրոպա և հայտնել է նրանց Նիկոլ Փաշինյանի որոշման մասին: Այդ պատճառով էլ կարծում եմ, որ այս ավիաընկերության գալու մեջ Տաթևիկ Ռևազյանի ներդրումը չկա: Սա բացառապես Փաշինյանի որոշումն էր, և սա բյուջետային գումարներ են»,- գրել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ