16 10 2019

ՍԴ-ն պահում է իր խրամատը. ի՞նչ է սպասվում. 7or.am

ՍԴ-ն պահում է իր խրամատը. ի՞նչ է սպասվում. 7or.am

7or.am-ը գրել է. Սահմանադրական դատարանի դատավորները, մերժելով քննարկել ԱԺ-ից ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ կազմած փաստաթուղթը, ցույց տվեցին, որ դեմ են մեր պետությունը պողոսապետության վերածելու և սահմանադրական կարգը տապալելու քաղաքականությանը։

ՍԴ այն դատավորները, որոնք դեմ քվեարկեցին պողոսապետությանը, ապացուցեին, որ արժանի են իրենց կոչմանը։ Իսկ Հրայր Թովմասյանն էլ ամբողջությամբ մաքրվեց նախկինում ոչ առանց հիմքի հնչող քննադատություններից։

Կարելի է ասել, որ Փաշինյանի վարչապետության օրոք Թովմասյանը դարձավ ՍԴ լեգիտիմ նախագահ՝ բառիս հոգեբանական ու քաղաքական իմաստով։ Քանզի ՍԴ նախագահն այժմ լիովին տարանջատված է գործադիր իշխանությունից, ինչը պահանջում է Սահմանադրության տառն ու ոգին։

Փաշինյանի սևեռուն գաղափարը

ՍԴ-ն գրավելը Փաշինյանի համար ունի կարևորագույն նշանակություն։ Անվերահսկելի ու ամբողջատիրական իշխանության ճանապարհին ՍԴ–ն խոչընդոտ է։ Նրա գրպանում է օրենսդիր և գործադիր իշխանությունը։ Դատականը դիմադրության նշաններ է ցույց տալիս, մինչդեռ Նիկոլին պետք են բացառապես իր դռան տակ վնգստացող ու հրահանգների սպասող դատավորներ՝ աննադանիբեկյաններ, արմենդանիելյաններ ու արտուշներ։

Ինքնահռչակ Վահե Գրիգորյանին ՍԴ նախագահ կարգել չի հաջողվում ու սպասվում է, որ գործի է դրվելու 3 մեթոդ։ Մեկը Հրայր Թովմասյանի առկա և պոտենցիալ սանիկների փնտրտուքն է։ Նրանց դեմ շինծու գործեր են հարուցվել ու հարուցվելու։ Դա հոգեբանական ու ճղճղիմ ճնշման ձև է։ Այդ մեթոդի շրջանակներում իր ծառայությունները կմատուցի թունդ հեղափոխական դարձած հաճախորդ Արման Բաբաջանյանը՝ «հպարտների» սրտի դատախազ Արթուր Դավթյանի հետ գործակցելով։

Մյուս մեթոդը՝ գործարքն է։ Նիկոլն ուզում է դրսի հետ «բարտերային» գործարք կնքել՝ «Դուք ինձ աջակցում եք ՍԴ-ն «բուդկայի» պես սեփականաշնորհելու գործում կամ առնվազն աչք եք փակում իմ ապօրինությունների վրա, իսկ ես նպաստում եմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը» թեմայով։ Թե ինչ ընթացք կստանա այս մեթոդի կիրառումը, պարզ կդառնա շատ շուտով։ Մեկ բան արդեն ակնհայտ է, որ վենետիկներում չեն մերժում Նիկոլի գործարքի գաղափարը, բայց միևնույն ժամանակ նրան չեն տալիս տոտալ ապօրինություններ գործելու քարտ-բլանշ։

Նիկոլի երրորդ մեթոդը կաշառքն է։ «Օրինական» կաշառքը։

Ինչպես հայտնի է, շրջանառության մեջ է դրվել մի օրինագիծ, որի միջոցով ՍԴ դատավորներին առաջարկվում է հրաժարական ներկայացնելու դեպքում տանը նստել, ոչինչ չանել ու դրա դիմաց ստանալ իրենց ներկա աշխատավարձի չափ գումար։ Ցմահ։

Այսինքն՝ դատավորներին պետբյուջեի հաշվին Փաշինյանը կաշառք է առաջարկում՝ հանուն սեփական մենիշխանության հաստատման։

Դատավորներն, անշուշտ, հասկանում են, որ դա քստմնելի, ապօրինի ու հեռանկար չունեցող առաջարկ է։ Դա է պատճառը, որ նրանք «ոչ» են ասում Փաշինյանին, քանզի շատ լավ հասկանում են այդ առաջարկի անպարկեշտությունը։

Պարզ է, որ այդ «օրինական» առաջարկն իր ուժը կորցնելու է անխուսափելի իշխանափոխության հաջորդ իսկ օրը։ «Տակը» մնալու է միայն անարժանապատիվ կեցվածքը և խարանը։ ՍԴ դատավորներն այս ամենը շատ լավ են հասկանում ու պահում են իրենց բաժին խրամատը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ