10 10 2019

Ի՞նչ են «մուտիտ անում»՝ համախմբվելով Նիկոլի շուրջը. 7or.am

Ի՞նչ են «մուտիտ անում»՝ համախմբվելով Նիկոլի շուրջը. 7or.am

7or.am-ը գրում է․ «Պատմաբան (կամ քաղաքագետ) Լեւոն Շիրինյանը, որ, դատելով ամենից, պատմությունից բոլորովին դասեր չի քաղել, «թավշյա բոլոլաներից» հետո արտահերթ ընտրություններին ընդառաջ «ափալ-թափալ» կուսակցություն ստեղծեց, «ամբողջ» կես տոկոս ձայն հավաքեց եւ մինչ օրս թունդ նիկոլական կամ, որ նույնն է, լեւոնանիկոլական դաշտում է, առաջիններից մեկը «խոտանեց» Ռոբերտ Քոչարյանի շուրջ թափ հավաքող կոնսոլիդացիան. ո՛չ ավել, ո՛չ պակաս, հայտարարեց` «Քոչարյանի շուրջ տեղի է ունենում մուտիլովկա համախմբում»։

Ուրեմն` նրանք, ովքեր դեմ են երկրորդ նախագահի դեմ Նիկոլի սանձազերծած պատերազմին եւ հրապարակավ հայտարարում են այդ մասին, ըստ մեր տնաբույծ քաղաքագետի, «մուտիլովշչիկ» են։

Իսկ ահա Նիկոլի շուրջ ձեւավորված, նրա անմեղսունակ «քաղաքականությունը» ատամներով պաշտպանող «խառնամբոխը»` ՀԱԿ-ը՝ Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, տարբեր ռանգի սորոսական եւ պայմանական սորոսական գրանտակերներ, Սեֆիլյան եւ կամպանիա, Նիկոլի մոտ «հաճախորդություն» անող «Լուսավոր Հայաստանը», ինքը` Շիրինյանը, որ դոշ տված` կռվում են Քոչարյանի ստվերի դեմ (սրանց մեզանում, չգիտես ինչու, «սպիտակ» են ասում), փրկիչներ են, որոնց կյանքի նպատակը երկիրը «հակահեղափոխական մուտիտներից» ազատելը եւ ապահով հանգրվանի հասցնելն է։

Ոչինչ, որ նույն Շիրինյանն իր ողջ գիտակցական կյանքում` գոնե մինչեւ 2018թ., երբ Նիկոլը դեռ չէր սկսել Գյումրիից Երեւան «քայլելով հեղափոխությունը», եւ Ծառուկյանի քաղաքականությունից ժամանակավորապես դուրս մղվելուց հետո չգիտեր` ում հետ կապեր «Կուր-Արաքսյան հանրապետության» տեսլականը կյանքի կոչելու ֆանտաստիկ ծրագիրը (հիմա հաստատ գիտի` դա ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա հռչակած ԼՏՊ-ի «սանիկ» Նիկոլ Փաշինյանն է, եւ վե՛րջ), տերպետրոսյանական «գծի» ամենաոխերիմ քննադատներից մեկն էր։ Վերջինիս համարում էր ազգի դավաճան, ժողովրդի թշնամի, որին պետք է հրապարակավ կախել ու քառատել կամ հակառակը` քառատել, հետո կախել, որ բոլորը տեսնեն, թե ինչպես են «վերջացնում» ազգի դավաճանները։ Իսկ այսօր հիմա հայտնվել է ԼՏՊ-ի հետ նույն ճամբարում` Նիկոլի կողքին. երեւի չի նկատում ՀՀԾ-ական օդիոզ դեմքերի ներկայությունը`ո՛չ Նիկոլի մերձավոր շրջապատում, ո՛չ քայլարած մեծամասնության, ո՛չ վարչապետի արտահաստիքային խորհրդատուների կուռ շարքերում. «մուտիտների» չեմպիոն Քոչարյան Անդրանիկից եւ Հովհաննես Իգիթյանից սկսած, վերջացրած տխրահռչակ Վլադիմիր Կարապետյանով ու Գագիկ Ջհանգիրյանով։

Հիշեցման կարգով ասենք, որ ամիսներ առաջ՝ 2019 թ. հունվարի 11-ին (երբ «թավշյա» երկնակամարում թեթեւորեն սավառնում էր նախագահ Արմեն Սարգսյանին ԼՏՊ-ով փոխարինելու «առաջանցիկ գաղափարը», Panorama.am կայքին տված հարցազրույցում Շիրինյանը բացառել էր այդ վարկածը` ասելով. «Ժողովուրդը նման բան չի հանդուրժի»։

Ավելին, դա հերյուրանք էր համարել` «խորքային պետության դեմ հակագրոհ, որը կատարվում է արդեն մի քանի ամիս». «Սա հակագրոհ է հեղափոխության դեմ, եւ, բնական է` պետք է ուղղվի Նիկոլ Փաշինյանի դեմ։ Ես սա դիտում եմ նախկին ռեժիմի կողմից մեր պետության դեմ տեղեկատվական քայքայիչ աշխատանք։ Ժողովուրդը 100 տոկոսով չի հանդուրժի` Լեւոն Տեր-Պետրոսյանին վերադարձնելու լուրերն աբսուրդի ժանրից են», «այո, նա բացասական իմաստով հայկական Մաքիավելին է, որը հայ ժողովրդի կյանքի ու շահերի հետ ոչ մի կապ չունի։ Սա հինգերորդ շարասյունն է, սա հակապետական ուժ է»։

«Նախահեղափոխական» դաժան տարիներին մեր հերոսը շատ ավելի կոշտ էր արտահայտվում իր այսօրվա «բնական դաշնակցի»` Տեր-Պետրոսյանի մասին։ Մասնավորապես, Ankakh.com կայքին 2016թ. դեկտեմբերի 12-ին տված հարցազրույցում, խոսելով ԼՏՊ-ի ձեռնարկած «քվազիխաղաղասիրական» արշավի մասին, ՀԱԿ-ի հայտը գնահատել էր որպես «հողերը հանձնելու ուղղությամբ հասարակությանը մշակելու գործընթացի երրորդ փուլի մեկնարկը».

«Հիշենք հետեւյալ շղթան. քառօրյա պատերազմ, դաժան մարտեր։ Թուրքերը որեւէ հաջողության չհասան ստրատեգիական առումով, եւ այդ նախագիծը տապալվեց։ Քանի որ ժողովուրդը եւ բանակը մեկ մարդու նման կանգնեցին եւ թույլ չտվեցին մեր հանձնվելը`սկսեցին փոխզիջումներից խոսել։ Այդ գործընթացը հանգեցրեց «Սասնա ծռերի» ապստամբությանը, նրանց սատար կանգնեց ժողովուրդը։ Եվ նախագիծն էլի տապալվեց։

Հիմա երրորդ փուլն է սկսվել, թե այսքան տարածք պետք է հանձնվի, այլ տարբերակ չկա, թե կոնֆլիկտը փոխզիջում է ենթադրում եւ այլն» (Նիկոլի վարչապետության շրջանն էլ երեւի 4-րդ փուլի սկիզբն է, բայց Շիրինյանին դա, կարծես, չի մտահոգում.-Լ.Պ.)։

Ըստ Շիրինյանի, «երրորդ փուլի» քարոզարշավը`«շքահանդեսը բացեց հանրապետության հիմնադիր նախագահը, որովհետեւ ամեն մարդ ռիսկ չի անի պերճախոսությամբ պետության շահերի դավաճանություն կազմակերպել... Պետք է ենթադրել, որ պատվեր է կատարում։ Իրե՛ն պետք է հարցնել` ո՞ւմ պատվերն ես կատարում, որ գիշեր-ցերեկ խոսում ես հող հանձնելու մասին: Աշխարհում կա՞ մի տխմար ժողովուրդ, որ առանց կռվելու հող է հանձնել»։

Նույն ժամանակահատվածում «Յութուբ»-ում հայտնված մեկ այլ հարցազրույցում Շիրինյանը վերջնականապես «սատկացրել» է Տեր-Պետրոսյանին` «ազգի դավաճան», «պետական դավաճան», «սիոնիստ մասոն» եւ «ծախված շուն» անվանելով։

Ի դեպ, հիշյալ հրապարակման մեջ Տեր-Պետրոսյանի եւ իր վարած պարտվողական քաղքականության մասին իր հեղինակավոր կարծիքը հայտնել է այսօր ԼՏՊ-ի հետ ուս-ուսի Քոչարյանի «ոսկորները ծամող» մեկ այլ «սկզբունքային» հաճախորդ Ստյոպա Սաֆարյանը` ՀԱԿ-ի նախընտրական համագումարում Տեր-Պետրոսյանի հայտնի ելույթը գնահատելով որպես «Հայաստանի շահերից չբխող եւ բանակցություններում Ալիևի դիրքերն ամրապնդող քայլ». «18 տարի անց ինքը չի ներել այն ճամբարին, որն իրեն իշխանությունից հեռացրել է ղարաբաղյան խնդրով (այսինքն` Վազգեն Սարգսյան-Քոչարյան տանդեմի.-Լ.Պ)։ Ինքը վրեժխնդիր է լինում նաեւ ղարաբաղյան խնդրին` այն որակելով որպես հայ ժողովրդի զարգացումը արգելակող գործոն, վրեժխնդիր է լինում եւ այն մարդկանց, որոնք իրեն հեռացրել են»։

Ումի՞ց է վրեժխնդիր լինում Ստյոպիկի «պաշտպանյանը»` հերթով կալանավորելով, վարկաբեկելով, հետապնդելով Արցախյան ազատամարտի երախտավորներին`ավելորդ է ասել։

Այսքանից հետո ե՛ս չեմ, դո՛ւք եք` հիմա ո՞ր համախմբումն է «մուտիլովկա». այն, որտեղ Շիրինյա՞նն է, թե՞ հակառակ կողմում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ