ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, սահմանադրական կարգի տապալման մեղադրանք ունեցող մյուս նախկին պաշտոնյաներն ու փաստաբանները դատարանի դահլիճում ոտքի կանգնեցին և այդպես մնացին մի քանի րոպե՝ այդպես բողոք հայտնելով Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի նկատմամբ քրեա-քաղաքական հետապնդման համար։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը հանդես եկավ հայտարարությամբ․ «ՀՀ վարչապետի կողմից արվել է մի արտահայտություն, որը ձեզ հարցեր ուղղելով արել է Նարեկ Մութաֆյանը, արդյունքում վերջինս և նրան ուղեկցող Սարգիս Օհանջանյանը կալանավորվել են:
Այդ իրադարձություններին նախորդել են բոլորին քաջ հայտնի դեպքեր, ՀՀ դատարանների մուտքերի փակում, դատավոր Դավիթ Բալայանի նկատմամբ ֆիզիկական բռնության գործադրում, ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի նկատմամբ անհարգալից արտահայտությունների և ֆիզիկական բռնության կիրառում: Այս դեպքերում դերակատարում ունեցող անձանց գործողություններին չի տրվել համարժեք քրեաիրավական գնահատական: Մինչդեռ, ձեզ կատարված հարցադրումների կապակցությամբ ձեր հաղորդման հիման վրա երկու անձինք կալանավորված են: Այսինքն՝ մենք տեսնում ենք հստակ խտրական վերաբերմունք և հիմք ընդունելով ԵԽԽՎ 2012 թվականի 1900 բանաձևը, նրանք քաղաքական բատրակյալներ են: Հատկանշնական է, որ խտրական վերաբերմունքով քաղաքական շարժառիթներով ազատազրկումների կենտրոնացում կա հենց ձեր անձի շուրջ։ Հենց այդ է պատճառը, որը այս հայտարարությունը ուղղվում է ձեզ: Ձեր վարույթում քննվող այս գործով քաղաքական հետանդման են ենթարկվում բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ձեր ներկայացրած հաղորդման հիման վրա են հետապնդվում 2 երիտասարդ: Հորդորում ենք այսուհետ հետևողական լինել և քաղաքական հետապնդումներին չնպաստելու հարցում իրականացնել արդարադատություն»,-հայտարարեց Խուդոյանը:
Ռոբերտ Քոչարյանի՝ դահլիճում ներկա գտնվող աջակիցները սկսեցին ծափահարել՝ ձեռքերում պարզած Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի լուսանկարները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը