Panorama.am-ը գրում է․ «ՍԴ նախագահի լիազորությունները կասեցնելու նախագիծը ԱԺ-ում պիոներաբար ընդունելուց հետո՝ մարտի դաշտը տեղափոխվեց Սահմանադրական դատարան։ Թե ինչ կլինի հետո, պարզ կդառնա ՍԴ-ում, որտեղ չի բացառվում նաև ԱԺ նախագիծը վարույթ չընդունելը՝ իրավական հիմնավորումների բացակայության պատճառով։
Ահա այս դեպքում դարձյալ պետք կգա ամբոխը՝ ՍԴ դատավորներին հրապարակավ քաշքշելու և գոռգոռոցով վախեցնելու համար (քրեական գործ, միևնույն է, չի հարուցվելու․․․ «դոբրոն» ի վերուստ կա)։
Իսկ ետնաբեմում կընթանան իրական ճնշումները։Դատելով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկների ձերբակալումներից սահուն կերպով նրա քրոջ ՝ «Հայելի» ակումբի հիմնադիր Անժելա Թովմասյանի դեմ հարձակումներին, սպասելի են անգամ «տրակտրորային» ճնշումները։
Հիրավի աննախանձելի վիճակում են հայտնվել ՍԴ անդամները։ Մի կողմից, բոլորիցս լավ են գիտակցում, որ իրենք են պահում իրավական պետությունից քաոսի անցնելու սահմանագիծը, և իրենց մասնագիտական ու քաղաքացիական համարձակությունից է մեծ հաշվով կախված պետության ապագան։
Մի տեսակ նման են Օլիմպիական խաղերի ուղարկած մարզիկների, ում ուսերին է դրվում երկրի հեղինակությունը բարձր պահելու առաքելությունը։Մյուս կողմից էլ մեզ նման մարդիկ են։ Նրանք երդվել են պահել-պահպանել օրենքն ու օրինականությունը, երևի չմտածելով նույնիսկ, որ մի օր կանգնելու են պետության շահի և անձնական անվտանգության միջև լուրջ ընտրության առաջ։
Անկեղծ ասած, ոչ ոք իրավունք չունի ուրիշից պահանջել հերոս լինել, հատկապես երբ չգիտենք, թե ինչ չափի ճնշումների են ենթարկվում նրանք։ Բայցև դարերով է ապացուցված, որ ճակատագրական պահերին են ի հայտ գալիս հերոսական հատկանիշները, որոնք կամ կան մարդու մեջ, կամ չկան․․․
Հուսանք, որ ՍԴ դատավորները պինդ ապառ կլինեն։ Կա նաև երրորդ, ամենակարևոր կողմը՝ օրենքը, որի գերակայությունը ոչ ոք դեռևս չի չեղարկել։ Եթե ներքին կյանքում «նիկոլականների» ու «քոչարյանականների» համար անարգել գործում են օրենքի մեկնաբանման և կիրարկման երկու հակադիր մոտեցումներ, ապա նույնը հնարավոր չէ պարտադրել արտաքին աշխարհին։
Հետևաբար, որքան էլ որ Նիկոլն իր ողջ թիմով ու «ֆաս» հրահանգին սպասող խաժամուժով «հանրության պահանջ» կատարելով՝ թշնամիների կերպարներ մոգոնի, կան միջազգային կառույցներ, որոնց համար միակ կուռքը օրենքն է։ Նրանք են տալիս ՍԴ-ի աշխատանքի իրավական գնահատականը։
Եվ եթե ՀՀ ՍԴ կողմից ՄԻԵԴ ուղարկված Ռոբերտ Քոչարյանի գործը վարույթ է ընդունվել, ավելին՝ վարույթ ընդունողներից մեկը եղել է ՄԻԵԴ նախագահ Լինոս-Ալեքսանդրե Սիցիլիանոսը, ապա թող իշխանությունները բարի լինեն չվայրահաչել սեփական պետության բարձրագույն իրավական կառույցի կոմպետենտության դեմ։
Ահա այստեղ կա մեկ այլ, շատ ավելի տխուր կողմ․ արդյո՞ք օրվա իշխանություններն իրենք են որոշում իրենց ասելիքն ու անելիքը, թե՞ ենթարկվում են ինչ-ինչ աներևույթ ուժերի։ Վերջերս համացանցում տարածված մի վերլուծական հոդվածում՝ «Օտարների աշխարհաքաղաքական շահերի ուղեծրում» (В орбите чужих геополитических интересов») ներկայացված ոչ բոլոր փաստարկների հետ կարող ենք համաձայնել, բայց ռոմանտիկ կամ հիմար պետք է լինել չհասկանալու համար, որ 2018-ի հայաստանյան «թավշյա» վայրիվերումներն իրոք օտարների նախագծած հսկայական փազլի մի կտորն են ընդամենը։
Գործող իշխանություններն էլ կատարում են իրենց վերապահված դերերը։ Միայն մի հարց է բաց մնում՝ իրո՞ք նրանք լրջորեն հավատում են, որ «Հայաստանի պայծառ ապագան են կերտում», թե՞ արտերկրյա դասընթացներում սերտած տեքստերը մտահոգության դիմակ հագած արտաբերելով՝ գիտակցաբար են քայքայում մեր երկիրը։
Եթե կան նրանց շարքերում հեղափոխական ռոմանտիկներ, ապա ժամանակի հետ կբացահայտվեն՝ չհանդուրժելով ապազգային գործընթացները։ Ինչպես որ մինչ այս բացահայտվել է օրինակ, որ իր ամբողջության մեջ ՔՊ-ն ու «Իմ քայլը» իրենց գործունեությամբ և դավանած արժեքներով միանգամայն օտար են հայկական մտածելակերպին։
Եվ ինչո՞ւ են նեղսրտում, երբ ընդդիմախոսները մատնանշում են իրենց այդ հատկությունը։ Ինչո՞ւ երբ Հրայր Թովմասյանն ասում է, որ «սահմանի իր բաժինն է պահում», Արարատ Միրզոյանը վիրավորվում է՝ «իբր մենք էլ ադրբեջանցիներն ենք, հա՞»։ Ադրբեջանցի չէ, բայց գաղտնիք հո չի, որ իշխանության գործադիր ու օրենսդիր ճյուղերում այսօր գերիշխում են սորոսականները, արևմտամետները, աշխարհաքաղաքացիներն ու գլոբալիստնեը։
Իսկ Հայաստանին պետք են ազգային արժեքներով հայասեր ու հայրենասեր ղեկավարներ։ Պետականակերտ մարդիկ, ովքեր կռիվ չեն տա պետության Սահմանդրական դատարանի հետ միայն այն պատճառով, որ իրենց քիմքին հաճո դատավորներ չեն այնտեղ հավաքված։
Պետության մասին մտածողը Սահմանադրությունը կփոխեր, ոչ թե օրենք ու օրինականություն ոտնակոխ անելով՝ «նախկիններին» յուրայիններով կփոխարիներ՝ հասարակությանը հրամցնելով դատաիրավական ևս մեկ սերիալ։ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու իր «դարակազմիկ» որոշմամբ ԱԺ-ն փաստացի սկիզբ դրեց ևս մեկ երկարատև իրավա-քաղաքական թնջուկի․․․ (Ակամա մտածում ես, որ Արցախի հետ կապված նոր զարգացումներ են լինելու)»։
Լիա Իվանյան, հրապարակախոս
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը