03 10 2019

Ժողովուրդը նոր թշնամիներ է պահանջում. քաղաքագետ

Ժողովուրդը նոր թշնամիներ է պահանջում. քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր էջում գրում է.

«Քֆուրը և հանրային սպասելիքները:

Հեղափոխությունը լեգիտիմացրեց հանրային քֆուրը և այն վերածվեց հանրային դաշտում քաղաքական հարաբերությունների պարզեցման կարևոր գործիքի:

Հանրային քֆուրը սահմանազատեց "մենք"-ին և "դուք"-ին: Քֆուր տվողը "ժողովուրդն" է, իսկ քֆուր "ուտողները" ժողովրդի թշնամիները: Այս պարագայում կյանքը հստակ է, կան սևեր և սպիտակներ, իսկ ընտրությունների արդյունքները` կանխատեսելի: Սակայն վերջերս նկատվում է քֆուրների կտրուկ նվազում, ինչը ցույց է տալիս, որ կյանքը կորցնում է իր հստակությունը, իսկ ժողովուրդը գնալով ավելի վատ է կողմնորոշվում ձևավորվող իրականության մեջ` չկա հստակ "ճիշտ" ու "սխալ":

Դա ահազանգ է քաղաքական կազմակերպությունների համար, նաև` մարտահրավեր: Կարճ ասած, քվուրների ծավալի նվազումը հանրության շրջանում սկսված անորոշության ցուցիչն է: Փորձենք ավելի խորանալ երևույթի մեջ:

"Հայհոյանքը" արհեստական բառ է, որը չի արտահայտում մեր առօրյա կյանքի հույզերը, սպասելիքները, վախերը, մտավախությունները, հիասթափությունները: Այսինքն նեյրոլինգվիստիկ բառապաշարի էությունը և այն զուրկ է աշխարհայացքից, համակարգված չէ, ինչի համար չի կարողանում մուտք գործել մեր կենցաղային բառապաշարի մեջ:

Արաբական "քֆուրն" ավելի խորքային եզր է:

“Քֆուր” բառը առաջացել է արաբական քուֆր ( كفر — անհավատություն, թագցնել) բայից, որը իսլամում համարվում է ամենածանրագույն մեղքը: Քուֆրի, այսինքն անհավատության մեջ բացահայտված մարդուն անվանում են Քաֆիր, թուրքերենով` Գյաուր, այսինքն անհավատ՝ Հարամ:

Իսլամում կա Մեծ Քուֆր (Քուֆր Աքբար) և Փոքր Քուֆր (Քուֆր Ասղար): Մեծ Քուֆրի մեջ մեղադրվող անձի նախկինում արված ցանկացած լավ գործ զրոյացվում է և մեղադրվող անձը որևէ ներում և բեկում չունի:

Հեղափոխությունից հետո ՀՀԿ-ն մեղադրվում է Մեծ Քուֆ-ի մեջ: ՀՀԿ-ականները Քաֆիր էին, անհավատներ, իսկ ժողովուրդը` հեղափոխական արժեքների կրող: Սակայն կարծես թե իրավիճակ է փոխվում, քֆուրները նվազել են, իսկ որակական առումով` դարձել ավելի խոհական, անորոշ, հասցեատերերը` ոչ այնքան հստակ: Համայնքը անորոշության մեջ է՝ քֆուրի ճգնաժամը գաղափարական ճգնաժամի հետևանք է:

Հանրային քֆուրը հանրային սպասելիքների արտահայտությունն է, քֆուրի բացակայությունը` արժեքային կողմնորոշումների լղոզվածություն: Հողափոխական արժեքները կարծես թե դառնում են անհասկանալի:

Չկա քֆուր - նշանակում է չկա հավատ, չկա վստահություն: Կասկածի որդը բուն է դնում մարդկանց հոգիներում:

Ժողովուրդը հստակություն է պահանջում և նոր թշնամիներ, իսկ առջևում ընտրություններ են»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ