ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՍԴ արձագանքին, որ Հրայր Թովմասյանին ուղարկվել է գրություն՝ ժամկետի սխալ նշմամբ։
«Ցանկանում եմ տեղեկացնել Ձեզ սոցիալական ցանցերում տեղ գտած հրապարակումների մասին առ այն, որ Հրայր Թովմասյանին ՀՀ ԱԺ պետական եւ իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ս.թ. սեպտեմբերի 24-ին անցկացվելիք նիստին մասնակցելու հրավեր ուղարնվել է ս.թ. սեպտեմբերի 23-ին Mulberry էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով, որից հետո ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմին հեռախոսազանգի միջոցով լրացուցիչ տեղեկացվել է ս.թ. սեպտեմբերի 24-ին ՀՀ ԱԺ պետական եւ իրավական հարցերի հանձնաժողովի նիստի վայրի եւ ժամի մասին։
Հրայր Թովմասյանին ուղղված գրությունը կազմվել է ՀՀ Ազգային ժողովի պետական եւ իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետների կողմից, ՀՀ ՍԴ աշխատակազմին հեռախոսազանգով գրության մասին տեղեկացրել է Հանձնաժողովի գործավարը։
Այո, հարգելի հայրենակիցներ, գրության մեջ տեղ է գտել տեխնիկական վրիպակ եւ նշվել է «հոկտեմբերի 24», համապատասխան աշխատակիցներից, ով մասնակցել է փաստաթղթի կազմանը պահանջել եմ ներկայացնել գրավոր բացատրություն։
Երրորդ, Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքում որեւէ պահանջ չի նախատեսվում սույն հարցի քննարկման ընթացքում գլխադասային հանձնաժողովի նիստին ՍԴ համապատասխան դատավորին հրավիրելու պարտավորության վերաբերյալ։ Այդուհանդերձ, հաշվի առնելով քննարկվելիք հարցի բնույթը պրն Հրայր Թովմասյանը հրավիրվել էր Հանձնաժողովի նիստին։
Ս.թ. սեպտեմբերի 24-ին տեղի ունեցած Հանձնաժողովի նիստում ես հրապարակայնորեն տեղեկացրել եմ Հանձնաժողովի անդամների եւ ներկաներին պրն Թովմասյանին Հանձնաժողովի նիստին մասնակցելու հրավեր ուղարկելու մասին։
Տեղեկացնում եմ նաեւ, որ սեպտեմբերի 24-ի հերթական նիստի օրակարգում նշված հարցի քննարկումը պայմանավորված էր օրենսդրությամբ սահմանված ժամկետների պահպանմամբ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը