24 09 2019

Դուք չեք շահելու, երկուսդ էլ կորցնելու եք․ ԱԱԾ նախկին տնօրենի տեսաուղերձը



ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը տեսաուղերձով անդրադարձել է վերջին օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարություններին, որոնք, քաղաքական գործչի խոսքով, հասել են թույլատրվող վտանգավոր սահմանագծին, որից այն կողմ պետության շահերն են։

Դավիթ Շահնազարյանը տեսաուղերձում նշում է, որ խորապես մտահոգված է․

«Դիմում եմ երկուսիդ, պարո՛ն Փաշինյան, պարո՛ն Վանեցյան, որովհետև ակնհայտ է, որ մոտեցել եք մի սահմանագծի, որից այն կողմ մեծագույն վտանգ է։ Ձեզ համար էլ պետք է ակնհայտ լինի, որ միմյանց դեմ ուղղված այս խաղում ձեզնից ոչ մեկը չի շահելու։ Երկու կողմից թափանցիկ ակնարկներ են արվում, խոսվում հետևանքների մասին։ Այն սահմանագիծը, որին դուք հասել եք, այն եզագիծն է, որից հետո արդեն պետության շահն է։ Դուք չեք շահելու, երկուսդ էլ կորցնելու եք, բայց գործընթացի շարունակության դեպքում ակնհայտ է, որ շատ մեծ, անդառնալի կորուստներ կարող է ունենալ մեր պետականությունը։ Դուք զբաղեցրել և զբաղեցնում եք երկու կարևորագույն պաշտոնները հանրապետությունում և հստակ պետք է գիտակցեք, որ թե դուք, թե այդ պաշտոնները զբաղեցրած բոլոր ձեր նախորդները տիրապետում են տեղեկատվության այնպիսի հսկայական ծավալի, որ անգամ փոքր մասի արտահոսքը կարող է բերել մեծ ցնցումների, որից միանգամից կարող են օգտվել մեր հակառակորդները և արտաքին ուժերը։

Պարոնայք, ես ձեզ կոչ եմ անում ամբողջովին գիտակցել այն պատասխանատվությունը, որ կա ձեր վրա, փակել այդ թեման, վերջակետ դնել։ Պետականության շահը միշտ պետք է վեր լինի անձնական, կուսակցական շահերից»։

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ