Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի, ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի աշխատանքից ազատվելուն, ասաց․«Մեր արդեն նախկին գործընկերները, կարծում եմ, իրենց պաշտոնից հեռանալուց հետո են որոշակի մեկնաբանություններ տվել և դրանք տալու պահին այլևս պետական պաշտոնյա չեն եղել։ Վարչապետի հետ այսօր մենք առավոտյան աշխատանքային քննարկում ենք ունեցել, քննարկել ենք առօրյա սովորական գործերը` կապված Գյումրու ավտոմաքսատան, հարկահավաքման պրոցեսի, առաջիկա կատարվելիք անելիքների մասին»։
Պատասխանելով իր աշխատանքից դժգհությունների վերաբերյալ հարցին՝ Անանյանն ասաց․ «Դժգոհություններ, եթե ասեմ չկան, ճիշտն ասած չեմ լինի, որովհետև ես ինքս՝ որպես ղեկավար, միշտ դժգոհում եմ այս կամ այն աշխատանքների թերակատարման համար: Բայց կարծում եմ, որ առողջ դժգոհությունը, ինչ-որ տեղ նաև մոտիվացիոն դժգոհությունը, դա պետական կառավարման կամ ընդհանրապես կառավարման համար կարևոր ատրիբուտ է: Դժգոհություն ասածը՝ ձեր պատկերացմամբ, որը ես ձեր հարցերի ենթատեքստից կռահում եմ, այդպիսի դժգոհություն չկա»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը