28 11 2023

Քաղաքական իշխանությունը որոշում կայացրեց «պատժել» երևանցիներին. Դավիթ Անանյան

Քաղաքական իշխանությունը որոշում կայացրեց «պատժել» երևանցիներին. Դավիթ Անանյան

Եկամտահարկի հետ վերադարձման ինստիտուտի վերացմամբ քաղաքական իշխանությունը որոշում կայացրեց «պատժել» երևանցիներին:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:

«Հիպոտեկային վարկերի տոկոսների դիմաց եկամտային հարկի վերադարձի ինստիտուտի վերացման գործընթացի մեկնարկն ազդարարվեց 2021 թվականին, երբ համապատասխան օրենսդրական փոփոխությունների արդյունքում, հաստատված ժամականացույցով, 2022 հուլիսի 1-ից աստիճանաբար (և 2025 թվականի հունվարի 1-ից՝ ամբողջապես) սահմանվեց Երևանի վարչական տարածքից համակարգի գործողության հանման գործընթացը:

Ինչու՞ 2021 թվականին որոշում կայացվեց դադարեցնել հիշյալ ինտիտուտի գործողությունը Երևանում, չէ՞ որ նախկինում ևս (սկսած համակարգի ներդրման պահից, այսինքն՝ 2014 թվականի նոյեմբերից) մասնագետները բոլոր կառավարությունների օրոք բարձրաձայնել են այս համակարգի վերացման անհարժեշտության մասին, սակայն՝ ապարդյուն, քանի որ դրա սոցիալական նշանակությունը, իշխող քաղաքական շրջանակների կողմից գնահատվում էր չափազանց էական։

Եվ ո՞րն է պատճառը, որ այս անգամ մասնագետների փաստարկները առավել համոզիչ թվացին քաղաքական իշխանության համար։ Թերևս 2021 թվականի հունիսին կայացած պառլամենտական ընտրություններում իշխող քաղաքական ուժի՝ Երևանում ըստ էության պարտություն կրելն էր պատճառը, ի պատասխան որի եկամտային հարկի հետ վերադարձման ինստիտուտի վերացմամբ քաղաքական իշխանությունը որոշում կայացրեց «պատժել» Երևանցիներին՝ միաժամանակ համարելով, որ համակարգի սոցիալական նշանակությունն այլևս Երևանում այնքան էլ էական չէ, քանի որ Երևանը, որպես էլեկտորատ, այնքան էլ չի հետաքրքրում իրենց։

Այժմ քննարկվում է հիշյալ ինստիտուտի վերացման հնարավորությունը նաև մարզերից, ընդ որում, սկսած 2027 թվականից՝ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և կոտայքի մարզերից, իսկ 2029 թվականից՝ ամբողջ ՀՀ-ից, բացառությամբ սահմանամերձ բնակավայրերը։

Ըստ էության, նման որոշումը շինարարության ոլորտի ընկերություններին ուղղված՝ մարզերում անհապաղ շինարարական գործունեություն ձեռնարկելու մի յուրօրինակ «ազդակ է»՝ հասցնելու համար իրագործել իրենց բիզնես մտարդրությունները՝ 3-5 տարվա կարճաժամկետ հեռանկարում։

Առաջիկա ընտրությունների շեմին (թե՛ արտահերթ, և թե՛ հերթական) մարզերում շինարարության բումի առկայության պայմաններում համապատասխան էլեկտորատի հետ աշխատելը վստահաբար ավելի կդյուրինանա»,- գրել է Անանյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ