ՀՀ արդեն նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով իր հրաժարականին ոստիկանապետի պաշտոնից:
Հայտարարության տեքստը ներկայացնում ենք ստորև.
«Ես ողջ կյանքում ծառայել եմ պետությանն ու ժողովրդին, օրենքին ու արդարադատությանը՝ բացառապես ուղենիշ ու չափորոշիչ ունենալով սպայի պատիվն ու արժանապատվությունը: Այսուհետ էլ շարունակելու եմ ծառայել իմ ժողովրդին սկզբունքի ու բարոյականության նույն չափանիշներով: Հեռանալուս պատճառների մասին կխոսեմ հետագայում:
Իսկ այսօր ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել հայ ժողովրդին ոստիկանի աշխատանքը գնահատելու և իրականացված փոփոխություններն արժեվորելու համար, շնորհակալություն համակարգի ողջ անձնակազմին՝ շարքայինից մինչև գեներալ, շնորհակալություն ոստիկանության զորքերին, շնորհակալություն ոստիկանության պետին կից հասարակական խորհրդին, ԶԼՄ-ներին՝ պետության համար բարդ և պատասխանատու փուլում մեր կողքին կանգնելու համար:
Շնորհակալություն բոլոր նրանց, ում հետ երկար ու դժվար ճանապարհ եմ անցել մեր ազնիվ ծառայությունն իրականացնելու գործում: Մաղթում եմ բոլորին բարի ու անձնվեր ծառայություն, անսասան հավատարմություն սպայի պատվին ու արժանապատվությանը, որոշում կայացնելու վճռականություն և պատրաստակամություն:
Շնորհակալ եմ բոլորին պրոֆեսիոնալ և անմնացորդ ծառայության համար:
Պատիվ ունեմ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը