Sputnik Armenia-ն գրում է․ «Վերջին շրջանում հայկական ԶԼՄ–ներում պարբերաբար արծարծվում է Վլադիմիր Պուտինի և Ռոբերտ Քոչարյանի հնարավոր հանդիպման թեման։ Sputnik Արմենիայի թղթակիցն այդ առնչությամբ հարցում է ուղարկել Ռուսաստանի նախագահի աշխատակազմ։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր հանդիպման մասին հարցին։
«Առայժմ չգիտենք», - ասել է նա` ի պատասխան Sputnik Արմենիայի թղթակցի հարցմանը։
Zham.am-ը թեմայի առնչությամբ գրում է․ «Տևական ժամանակ է ինչ երկու երկրների փորձագետների շրջանում քննարկվում էր այն հարցը, թե Պուտինը հոկտեմբերի 2-ին կայցելի՞ Հայաստան, թե՝ ոչ: Եվ եթե այցելի, ապա նա կհանդիպի՞ ՀՀ 2-րդ նախագահի հետ: Եվ ահա երեկ այս հարցին պատասխանելիս Պուտինի մամլո-խոսնակ Պեսկովը անորոշ պատասխան տվեց: Ըստ նրա՝ «դեռ ոչինչ պարզ չէ», այսինքն պարզ չէ, թե Պուտինը կհանդիպի Քոչարյանի հետ, թե ոչ:
Կրեմլի մեր աղբյուրների համաձայն՝ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին բաց տեքստով են հասկացրել, որ եթե Պուտինը այցելի Հայաստան, ապա նա ցանկանում է հանդիպել նաև Քոչարյանի հետ: Դրանով իսկ ակնարկելով, որ եթե այդպիսի հնարավորություն իրեն թույլ չտրվի, ապա կասկածի տակ կդրվի նույնիսկ նրա այցը Հայաստան:
Մյուս կողմից ռուսները հասկացրել են ՀՀ ներկայիս իշխանություններին, որ հոկտեմբերի սկզբին Երևանը կարևոր հարթակի դեր է կատարելու նաև այլ երկրների համար: Մասնավորապես նախատեսվում է հանդիպում նաև Իրանի նախագահի հետ: Ընդ որում այդ հանդիպումը բազմաֆունկցիոնալ բնույթ է ունենալու: Եվ եթե հայկական կողմը իր էգոցենտրիկ շահերի պատճառով խափանի Պուտինի այցը Հայաստան, ապա դրանից հայկական կողմը էապես կտուժի:
Թե ինչ են որոշել ՀՀ իշխանություններն այսօր դժվար է ասել: Հաշվի առնելով Փաշինյանի անկանխատեսելի բնավորությունը այսօր ոչ ոք չի կարող հստակ կանխատեսել, թե ինչպիսին կլինի նրա դիրքորոշումը, Որի պատճառով էլ Պեսկովի գնահատականները Պուտին-Քոչարյան հնարավոր հանդիպման վերաբերյալ նույնպես անորոշ է:
Պարզ է մեկ բան, որ քաղաքական կոնի վրա շատ մեծ բան է դրված և դժվար է հավատալ, որ Փաշինյանը այս հարցում այդչափ անտեսի Հայաստանի ազգային պետական շահը: Քանզի դրանից հետո գալու է պատասխանատվության ժամանակակը, դրանից բխող բոլոր հետևանքներով, քանզի նույնիսկ հայ ժողովրդին հիմարացնելու դեդլայնը չի կարող երկար տևել:
Սա է իրականությունը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը