14 09 2019

Հյուպատոսը՝ լուսանկարի պատճառով աշխատանքից ազատվելու մասին. tert.am

Հյուպատոսը՝ լուսանկարի պատճառով աշխատանքից ազատվելու մասին. tert.am

Անդորրայում ՀՀ արդեն նախկին հյուպատոս Արա Բաղդասարյանի հյուպատոսական առաքելությունը լրանում էր 2019-ի դեկտեմբերին: Նրա խոսքով՝ եթե ՀՀ արտաքին գործերի նախարարությունն իր աշխատանքը համարում էր անարդյունավետ, կարող էր այդ մասին գոնե մեկ անգամ հայտնել իրեն, ոչ թե աշխատանքից ազատեր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ լուսանկարի հրապարակումից հետո:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Անդորրայում ՀՀ նախկին հյուպատոս Արա Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ «Ֆեյսբուք»-ում այդ մասին հրապարակում արած օգտատիրոջ արձագանքը, թե իր պաշտոնանկությունը կապված է իր և Քոչարյանի համատեղ նկարի հրապարակման հետ, տրամաբանական է:

Ինչ վերաբերում է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի՝ իր պաշտոնանկության վերաբերյալ այն հայտարարությանը, թե Անդորրայում ՀՀ պատվավոր հյուպատոսի պարտականությունները դադարեցվել են դրանք ոչ արդյունավետ իրականացնելու կապակցությամբ, Արա Բաղդասարյանն ասաց. «Շախմատում մի տերմին կա՝ ցուգցվանգ. ամեն քայլն ավելի է վատացնում իրենց վիճակը: Ավելի ծիծաղելի պատճառ չէին կարող բերել»:

Ինչ վերաբերում է աշխատանքից հեռացնելու ընթացակարգին, ապա Արայիկ Բաղդասարյանն ասաց, որ իրեն ոչ սահմանված ընթացակարգով են հեռացրել աշխատանքից. «Ոչ թե Ֆրանսիայում ՀՀ դեսպանության միջոցով են ինձ հայտնել աշխատանքից ազատելու մասին, այլ ուղիղ զանգով իմ հեռախոսին: Ասելիք չունեմ: Ցանկություն չունեմ այլևս անդրադառնալ այս հարցին, քանի որ, ըստ իս, այն կվնասի ՀՀ-ն վարկանիշին, որը ամենևին չէի ցանկանա»:

Ինչ վերաբերում է իր՝ ԱԳՆ-ի նշած՝ անարդյունավետ աշխատանքին, ապա Անդորրայում ՀՀ նախկին հյուպատոսն ասաց. «Թող գոնե մեկ օրինակ բերեն, որ որևէ հյուպատոս եվրոպական որևէ երկրում ավելի շատ բան է կարողացել անել, երկրի ղեկավարի հետ գոնե բանակցել է Ցեղասպանության հարցով, ամենափոքր եվրոպական երկրում մեծ տարածք է ստացել «Հայկական պուրակ» անունով, որտեղ խաչքար է դրվել: Ինչո՞ւ չսպասեցին մինչև դեկտեմբերի 4-ը և ասեին, որ մենք այս և այս պատճառներով ձեր հետ չենք ցանկանում աշխատել, այլ շտապ պետք է միանգամից հեռացնեին աշխատանքից այդ լուսանկարից երեք օր հետո»:

Բաղդասարյանը հավելեց, որ Անդորրայի մայրաքաղաքի կենտրում էլ խաչքարը տեղադրվել է իր ու իր ընկերների անձնական միջոցներով: Բացի այդ, նա նշեց, որ Անդորրայում հայ համայնք չկա, սակայն հայկական մշակույթի օրեր են անցկացվել, և դա նշանակում է, որ միայն հյուպատոսարանի միջոցով են տեղի բնակիչները ծանոթացել հայկական մշակույթին:

Ինչ վերաբերում է Անդորրա-Հայաստան ծրագրերին, Արա Բաղդասարյանն ասաց, որ ի թիվս մեկ տասնյակից ավելի միջոցառումներ նախաձեռնելու, իր հաջորդ քայլը լինելու էր Անդորրայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ներառելուն ուղղված քայլերը: .

«Նախապատրաստական աշխատանքները ընթացքի մեջ են և եթե ԱԳՆ-ն համարում է այս ամենը անարդյունավետ աշխատանք, թողնում եմ իրենց խղճին: Ես խնդիր չունեմ, կշարունակեմ զբաղվել իմ գործով»,-ասաց Բաղդասարյանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ