Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվեցին։ Խորհրդարանի քառօրյա նիստի ընթացքում այս մասին հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը և հավելեց, որ համապատասխան գրությունն արդեն ուղարկել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին։ Աժ նախագահն արդեն նախկին պատգամավորին շնորհակալություն հայտնեց համագործակցության համար:
Հիշեցնենք, որ Էդգար Առաքելյանը մանդատը վայր դնելու մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարել էր դեռևս օգոստոսի 29-ին։
«Որոշումը բացառապես իմն է, պարտադրված կամ հրահրված չէ որևէ մեկի կողմից: Պատճառները մաքուր անձնական տիրույթում են: Քաղաքականությամբ զբաղվող անձը պիտի օժտված լինի քաղաքականությամբ զբաղվելու համար անհրաժեշտ որակներով: Խորապես հավատացած եմ, որ ինձ մոտ այդ որակներից մի քանի կարևորագույնները բացակայում են, ինչն ինձ անհամատեղելի է դարձնում այդ գործունեության հետ»,– գրել էր Էդգար Առաքելյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը