«Քառյակ մեդիա» ընկերության գլխավոր տնօրեն Արամ Անտինյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Ստաբիլ հաջողություններ գրանցող ցանկացած ղեկավար անձ գիտի, որ իր կայացրած որոշումների զգալի մասը ոչ պոպուլյար են լինելու կայացման պահին ու, որպես կանոն, այդ որոշումների ազդեցությունը կրողները միայն ամիսներ անց պետք է հասկանան դրանց պատեհությունը: Պատճառը՝ միայն տվյալ դիրքում գտնվող անձն է տիրապետում ինֆորմացիայի ողջ ծավալին ու ըստ այդմ՝ խնդրո առարկաների ռիսկերը ճիշտ հաշվել ու գնահատել, ապա ճիշտ որոշում կայացնել կարող է միայն նա:
Հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց մեր երկրում ապրող 3 մլն վարչապետի մասին, ասել է թե՝ որոշում կայացնող երեք միլիոն մարդու: Անգամ պետական նշանակության որոշումների կայացման «նորագույն» մեթոդներ առաջարկվեցին՝ որ վարչապետերը բարձր գոչեն, ձեռքեր պարզեն կամ թմբուկ զարկեն: Այդ վարչապետերից շատերը ԲՈՒՀ-երի դիպլոմները տարիներ շարունակ գնել էին, համառորեն հրաժարվել էին աշխատել, որովհետև խորապես վստահ էին, որ այս երկրում իրենց «հագով» գործ չկա, վիճելի որակի երաժշտություն էին լսել ու ջրաչափի վրա մագնիս էին դրել՝ ուրախանալով, որ «ֆռռացնում են» պետությանը: Բայց, այդ ամենով հանդերձ, նրանց մարդկային որակը, խելքն ու գիտելիքները համարվել էին բավարար վարչապետ աշխատելու համար: Ու նրանք 2018-ի մայիսին Հանրապետության հրապարակում իրենց համաձայնությունը տվեցին՝ աշխատելու:
Ամուլսարն իրական փորձաքար էր վարչապետեր նշանակած այս իշխանության համար: Ու այն, որ ամուլսարեր դեռ լինելու են ու ավելի սուր երանգներով, թույլ կտամ կանխատեսել հիմա, քանի որ երկրի ընթացիկ կառավարման վերաբերյալ որոշումներ կայացնողների թիվն արդեն մեկ ու կես տարի է, ինչ ուղիղ 3 մլն է: Այսօր ունենք իրավիճակ, երբ վարչապետերից շատերը չեն ցանկանում, որ Ամուլսարը գործարկվի: Նրանք այդպես են որոշել: Նրանք, իհարկե, չեն տիրապետում ինֆորմացիայի այն ծավալին, որը պետք է ճիշտ որոշում կայացնելու համար ու, հավանաբար, եթե ինֆորմացիան տրամադրվի էլ, շատերը մարսել չեն կարողանա: Բայց, քանի որ նրանց մտավոր ունակությունները բավարար էին համարվել վարչապետ նշանակվելու պահին, նրանց հետ հաշվի նստելը հիմա հեղափոխություն արած իշխանությունների համար սկզբունքային պարտադրանք է: Պարտադրանք, որի աքցանից դուրս գալը դավաճանել է հեղափոխական արժեքներին:
Փաստացի այսօր վարչապետերն արգելում են Փաշինյանին կայացնել իր պաշտոնավարման մեկ ու կես տարիների առաջին ոչ պոպուլյար որոշումը: Մեկն այն ոչ պոպուլյար որոշումներից, որը նախագահը, նախարարը, գեներալն ու խմբավարը կայացնում են ամեն օր: Նկատենք՝ ես չեմ քննարկում՝ այդ որոշումն առհասարակ ճի՞շտ է, թե՞ ոչ, ծա՞ռն է լավ, թե՞ ոսկին: Ես խոսում եմ այն մասին, որ վարչապետեր նշանակած ու որպես իր միակ հենարան վարչապետերին ընտրած Փաշինյանին այսօր վարչապետերն արգելում են գործարկել Ամուլսարը ու նա ոչինչ չի կարող անել դրա հետ:
Սա ամեն գնով արված հեղափոխության հետևանքն է ու այն, ինչ հիմա տեղի է ունենում, երևի թե շատ տրամաբանական է: Բոլոր հնարավոր հնարքները կիրառելը, բոլոր էմոցիաների վրա ազդելը, հանուն իշխանության գալու՝ կառավարման՝ երբեք իր արդյունավետությունը չապացուցած մոդել առաջարկելը ու դա հապշտապ կիրառելը պետք է հանգեցնեին սրան:
Պարզ կանոն է՝ իշխանության եկած ուժը միայն ժողովրդի վրա հենվել չի կարող, քանի որ փոթորկվող էմոցիաների ու մանիպուլյացիաների այս դարում ժողովրդի կարծիքը խիստ փոփոխական է: Բայց, քանի որ իշխանությունները ոչ են ասում «իզմերին», կանոններին ու քաղաքագիտությանն առհասարակ, չէին տեղեկացել, որ ուժը, որը պոպուլիզմի դաշտից արագ չի տեղափոխվում ռեալ պոլիտիկի դաշտ ու նոր հենարաններ չի գտնում քաղաքականության մեջ, կա՛մ արագ հեռանում է, կա՛մ դառնում բռնապետ:
Ի դեպ, կառավարման ընտրված մոդելի անարդյունավետության մասին շաբաթներ առաջ ոչ այնքան նուրբ ձևակերպումներով փորձեց խոսել ՔՊ պատգամավորներից մեկը՝ ասելով, որ չի ուզում, որ իր հարևանը, ով անգրագետ է, ավելի մեծ դեր խաղա Ամուլսարի հարցում որոշում կայացնելու գործում, քան ինքը, ով պրոֆեսիոնալ է ու տիրապետում է ինֆորմացիայի: ՔՊ պատգամավորն, իհարկե, սխալ չէր ասում, բայց մի՞թե Պողոսը հեղափոխություն չարեց հենց նրա համար, որ ինքը որոշի:
Իսկ Պողոսը միշտ հակված է լինելու, որ հանքերը չաշխատեն և աշխարհը լինի կանաչ, աշխարհի մանուկները լինեն ոչ թե տխուր, այլ՝ ուրախ, որ ողջ օրը նախարարությունում «Զումա» խաղացող պետաշխատողները չկրճատվեն, որովհետև ընտանիք են պահում, որ տրանսպորտի գինը հավերժ մնա 100 դրամ, որովհետև 100-ը կլոր թիվ է»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը