«Այդ տեղեկությունն, իհարկե իրականությանը չի համապատասխանում, ընդհանուր առմամբ այս մեկ տարվա իրադարձությունների ֆոնին Քոչարյանի անհավանական ունեցվածքի մասին խոսակցություններին կարծում եմ միայն հիմարը կարող է հավատալ»:
Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե Ռոբերտ Քոչարյանը վաճառքի է հանել Երևանի վարչական շրջանում գտնվող իր անշարժ գույքը: Լուրի հեղինակ սկզբնաղբյուր՝ «Ժամանակ» թերթը նաև գրել էր, որ ըստ իրենց աղբյուրների նման շենք-շինությունների թիվը անցնում է մի քանի հարյուրը, իսկ դրանց շուկայական գինը 300-500 մլն դոլարի սահմաններում է:
Վիկտոր Սողոմոնյանն անդրադարձավ նաև թերթին՝ մասնավորապես նշելով.
«Ինչ վերաբերում է թերթին և հոդվածի հեղինակին, ապա ուզում եմ պարզապես հիշեցնել, որ դա այն լրատվամիջոցն է, որը բազմիցս պատժվել է դատարանի կողմից սուտ և կեղծիք տարածելու համար և փաստորեն պաշտոնապես ճանաչված է Հայաստանում որպես բազմակի ստախոս և կեղծարար: Մնացած եզրակացությունները թողնում են ընթերցողներին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը