2019թ-ի օգոստոսի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։Նշված ժամանակահատվածում հայտարարագրվել է 218 հոդված, որոնցից 95-ը եղել է բացասական, 2-ը՝ դրական, 121-ը՝ չեզոք։
Թեև «Ֆեյսբուք» սոցիալական հարթակում անընդհատ խոսվում է, որ նոր աղբատար մեքենաներ են բերվել և քաղաքի մաքրությունը շուտով կբարելավվի՝ այնուամենայնիվ, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շարունակում է մնալ քննադատությունների կիզակետում։Դերասան Սարգիս Գրիգորյանը նույնպես անդրադարձել է քաղաքապետին և ասել է, որ ցավում է, որ իր ընկեր և դերասան Հայկ Մարությանը չի շարունակում զբաղվել դերասանական արվեստով. «Իմ շատ լավ ընկեր, հրաշալի դերասան Հայկ Մարությանը համապատասխան կրթություն և գիտակցություն չունի` ստանձնելով Երևանի քաղաքապետի պաշտոնը»։
Ըստ լրատվականների՝ Ամուլսարի խնդրի պատճառով Հայկ Մարությանը կարող է հրաժարական տալ։ Քաղաքապետը դեռևս որևէ կարծիք չի հայտնել հանքի շահագործման մասին և դա ենթադրությունների հիմք է հանդիսացել, որ պարոն Մարությանը գուցե համաձայն չէ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հասարակական շրջանակների տպավորությամբ՝ Հայկ Մարությանը դավաճանել է ժողովրդին և երբեմնի ակտիվիստ քաղաքապետը, որը տարբեր սոցիալական հարցերի դեպքում ժողովրդի կողքին էր, այժմ լռում է։Ժամանակին Տարոն Մարգարյանի վրա փորձում էին կոյուղաջուր լցնել «Երկիր Ծիրանի» խմբակցության ավագանու անդամները, այդ պրակտիկան թերևս չի վերացել և արդեն նախկին ավագանու անդամ Սոնա Աղեկյանը հավաքել էր Աղյուսագործների փողոցի բնակիչների կոյուղաջուրը և դույլով բերել էր քաղաքապետարան, որպեսզի փոխանցի քաղաքապետին։
Շարունակում են հասարակական դժգոհություններ հնչել նաև աղբահանության հետ կապված։ Ըստ լրատվականների՝ հարցն այնքան օրհասական է դարձել, որ խնդրին արդեն իսկ միջամտում է վարչապետը։ Նիկոլ Փաշինյան-Հայկ Մարության հանդիպումն էլ որակվել է որպես շոու։ Ըստ մամուլի մեկ այլ հրապարակման՝ վարչապետը հասկացել է, որ Հայկ Մարությանը որոշ հարցերում խաբում է։
Սոցիալական ցանցում սկսել են համեմատականներ անցկացվել կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանի և Հայկ Մարությանի միջև, նշվում է, որ Վիկտոր Մնացականյանն ավելի գործունյա է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը