Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը գրում է․
«Շարունակելով նախորդ հրապարակումս՝ պատասխանեմ հնչեցվող մեկ այլ մտահոգության, թե կառավարությունը վախեցել է միջազգային ճնշումներից ու արբիտրաժից։
Պատկերացրեք մի իրավիճակ, երբ երկրում ամենախոշոր ներդրումային ծրագրի հետ կապված հավանական արբիտրաժային ռիսկեր են առաջանում, և անընդհատ ներդրող ընկերության տարբեր ներկայացուցիչներ խոսում են այդ հավանականության մասին։
Տեղեկացնեմ, որ մինչև «ELARD»-ի փորձաքննության հրապարակումը և նույնիսկ մինչև Լիդիանի պաշտոնական ծանուցումը վեճի մասին՝ կառավարությունը ձեռնարկել էր անհրաժեշտ բոլոր քայլերը` պատշաճ կերպով գնահատելու արբիտրաժային գործընթացի ընթացքում պետության հավանական իրավական փաստարկները, դիրքորոշումը և առհասարակ հնարավորությունները:
Ըստ այդմ, շատ լավ պատկերացնում ենք իրավիճակը, ինչպես նաև մեր քայլերը և անհրաժեշտ գործողությունները ցանկացած սցենարի դեպքում, այդ թվում նաև հավանական արբիտրաժային գործընթացում:
Բոլոր հնարավոր զարգացումների պարագայում պետությունը պատրաստ է լինելու արբիտրաժային գործընթացին։ Հետևապես, այն մեղադրանքները, թե կառավարությունը վախեցել է միջազգային ճնշումներից և արբիտրաժից, տեղիք է տալիս միջազգային կորպորացիաների սպառնալիքներին, իրականությանը չեն համապատասխանում։
Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է, և բացառվում է, որ արտաքին ճնշումների ազդեցության տակ որոշումներ կայացվեն»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը