20 08 2019

ԱԺ նախագահը անջրպետվել է ժողովրդից. Golosarmenii.am

ԱԺ նախագահը անջրպետվել է ժողովրդից. Golosarmenii.am

Ինչո՞ւ վարչապետի գլխավորած ամբոխը անցած տարիբացեց փակ ԱԺ դարպասները, իսկ «օրենսդրորեն» բաց զբոսայգին պատվարում են ոստիկանական պահախմբով, իսկ բողոքողներին բերման ենթարկում ոստիկանություն

Ինչո՞ւ Ամուլսարի շահագործման, Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ բողոքողների առջև փակվեցին Բաղրամյան 26-ի և Ազգային ժողովի այգու դարպասները։ Ինչ է, այդ տարածքները դադարեցի՞ն հանրային լինել, թե՞ իշխանությունը տարբերակում է հասարակայնությանը նրանց, ովքեր կարող են գտնվել ԱԺ այգում, և նրանց, ում դա արգելվում է։

ԱՅԴ Ո՞Ր ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ կարող էր վարչապետի առաջնորդած ամբոխը անցած տարվա հոկտեմբերի 2-ին բացել այն ժամանակ դեռ նորմատիվ-իրավական մակարդակով փակ ԱԺ դարպասները և ընդ որում մնալ անպատիժ, իսկ այժմ հասարակայնության համար արդեն բաց զբոսայգին փակում են կողպեքով ու ոստիկանական պահախումբ կանգնեցնում այս կամ այն պատճառով ցույց անող մարդկանց առջև։

Հիշեցնենք, անցած տարվա հոկտեմբերի 1-ին «Ելք» խմբակցությունը շրջանառության մեջ դրեց ԱԺ որոշման նախագիծն այն մասին, որ բացվեն ԱԺ դարպասները և խորհրդարանի հարակից զբոսայգին մատչելի դառնա հասարակայնության համար։ Սակայն Փաշինյանը կտրեց իր զինակիցների օրենսդրական նախաձեռնության թևերը, իր վրա վերցնելով պոպուլիստական ծրագրի իրականացումը։ Հոկտեմբերի 2-ին, այն օրը, երբ նրա կոչով պաշարվեց խորհրդարանը, դարպասները բացվեցին Բաղրամյան պողոտա եկած ամբոխի առջև. Փաշինյանի կողմից հարցը լուծվեց առանց օրենքի…

Երեկ Ջերմուկից եկած ցուցարարների առջև ԱԺ-ի փակ դարպասների հարցը բարձրացրեց մարդու իրավունքների հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ «Բա որ ժամանակին այգին բացում էին, ասում էին՝ այգին ձերն է, բա ո՞նց եղավ, որ այս պահին այգին իրենցը չէ»,- հարցրեց Զոհրաբյանը այգին հսկող ոստիկաններին։ Եթե պատգամավորը ծանոթ լիներ այդ տարածքի իրավական ռեժիմին, ապա այդպիսի հարց չէր տա. այսպես՝ բավական անորոշ հակադարձեց իրավապահներից մեկը, այնուամենայնիվ պարզաբանելով, թե իրավական ինչ ռեժիմ է գործում Ազգային ժողովի այգու անցած տարվա հոկտեմբերից բաց տարածքում։

Ոստիկանները Զոհրաբյանին ուղեկցեցին անվտանգության ծառայության աշխատողների մոտ, որոնք էլ պարզաբանումներ տվեցին պատգամավորին։ Վերջիններս, Զոհրաբյանի խոսքերով, հանգում էին հետևյալին. պարզվում է, ընթացիկ տարվա փետրվարին նախագահը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ նման ֆորս-մաժորային իրավիճակներում այդ տարածքները դադարում են հանրային լինել, և մուտքն այնտեղ արգելվում է։ Այդ ի՞նչ ֆորս-մաժոր է։ Ի՞նչ չափորոշիչներով և ո՞ւմ կողմից է իրավիճակը որակվում որպես ֆորս-մաժորային. երբ ցուցարարները երկուսն են, թե՞ չորսը, երբ նրանց ձեռքին ցուցապաստառներ են, թե՞ բարձրախոս ու «դուխով» մակագրությամբ կեպի, երբ նրանք դժգոհություն են արտահայտում պարկեշտ բառապաշարի շրջանակներում, թե՞ անպարկեշտ հայհոյում։

ՑՈՒՑԱՆՇԱԿԱՆ Է, որ նախագահի կայքում իր ստորագրած փաստաթղթերի՝ հրամանների և կարգադրությունների մեջ ոչ մի նման բան չգտնվեց։ Համանման ոչինչ չկա նաև վարչապետի փետրվարյան որոշումների թվում։ Փոխարենը կա ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի փետրվարի 12-ի որոշումը, որը վերաբերում է անվտանգության կանոններին խորհրդարանի շենքում և դրա հարակից տարածքում։ Այստեղ, ի դեպ, մի բառ անգամ չկա ֆորս-մաժորային իրավիճակների մասին։ Եվ, հետևաբար, չկա այդ հասկացության բնորոշումը։ Այնպես որ բացարձակապես պարզ չէ, թե ինչ նկատի ունեին անվտանգության ծառայությունում, երբ փչոց էին մատուցում պատգամավոր Զոհրաբյանին ֆորս-մաժորի մասին, իսկ նա, ընդունելով այդ հորինվածքը որպես ճշմարտություն, փոխանցեց ցուցարարներին ու լրագրողներին։

Այն պարբերությունում, որը վերաբերում է հանրության համար բաց ԱԺ հարակից տարածքին, գրված է լոկ այն մասին, որ «Ազգային ժողովի այգու որոշակի հատված, որը սահմանազատված է արգելափակոցներով, յուրաքանչյուր օր՝ ժամը 10:00-22:00-ն, իսկ ձմռան ամիսներին՝ ժամը 10:00-20:00-ն, ծառայում է որպես հանրային տարածք և վերահսկվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված պետական լիազոր մարմնի ուժերի կողմից: Մուտքը նշված ժամանակահատվածում ազատ է բոլոր այցելուների համար»։

Ինչ վերաբերում է բողոքի ակցիաներին, ապա համաձայն փաստաթղթի՝ «տվյալ տարածքում կազմակերպվող յուրաքանչյուր միջոցառում՝ օրենսդրությամբ նախատեսված հավաք, բողոքի ակցիա, ֆիլմերի և տեսահոլովակների նկարահանում, համերգ և այլն, կարող է իրականացվել միայն Ազգային ժողովի նախագահի գիտությամբ՝ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի (այսուհետ` Ազգային ժողովի գլխավոր քարտուղար) թույլտվությամբ և պահպանության ծառայության պետի համաձայնությամբ»։ Այլ կերպ ասած, հանրության համար բաց տարածքում նույն այդ հանրությանը՝ բնապահպաններին, հանգստավայր Ջերմուկի ճակատագրով մտահոգ մարդկանց բողոքի ակցիա անցկացնել իրականում արգելել են ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը և ԱԺ պահպանության ծառայության պետը։ Այլ ոչ թե ինչ-որ ֆորս-մաժոր։ Ճիշտ այնպես, ինչպեսև ավելի վաղ Ստամբուլյան կոնվենցիայի ընդունման դեմ բողոքողներին, որոնց առջև շրխկալով փակվեցին ԱԺ դարպասները։ Որպեսզի նրանք ստորագրություններ չհավաքեն այգու տարածքում, որը, ինչպես ասվում է փաստաթղթում, այցելուների առջև բաց է ամեն օր ժամը 10։00-ից մինչև 22։00-ը։

ԻՆՉՈ՞Ւ Է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ դեկտեմբերի 9-ին ձայների 70 տոկոսով խորհրդարան ձևավորած քաղաքական ուժի ներկայացուցիչը, այսօր, ընդամենը 8 ամիս անց, փակում ԱԺ դարպասները ցուցարարների առջև, մարդկանցից անջրպետվելով ոստիկանական պահախմբով։ Ինչո՞ւ այսօր ցուցարարների հետ խոսելու դուրս չեն գալիս խորհրդարանական մեծամասնություն կազմող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, որոնք շատ են սիրում ամեն առիթով վերամբարձ հիշեցնել իրենց ընդդիմախոսներին, թե ընտրված են ժողովրդի կողմից։ Ինչո՞ւ այդ ժողովրդի հետ խոսելու դուրս չեկավ «Իմ քայլը» խմբակցության իր ընտրյալներից ոչ մեկը:

Վերջապես, այդ ինչո՞ւ վարչապետի գլխավորած ամբոխը անցած տարվա հոկտեմբերի 2-ին կարող էր բացել այն ժամանակ դեռ նորմատիվ-իրավական մակարդակով փակ ԱԺ դարպասները և ընդ որում մնալ անպատիժ, իսկ այսօր հասարակայնության համար արդեն «օրենսդրորեն» բաց զբոսայգին պատվարում են ոստիկանական պահախմբով, իսկ բողոքողներին բերման ենթարկում ոստիկանություն։ Եվ դա, կրկնեմ, երբ դեռ մեկ տարի էլ չի անցել…

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ