Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հրավերով 2018թ. օգոստոսի 12-13-ը իրականացվել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի այցը Հայաստան: Այս մասին հայտնում են Արմեն Գրիգորյանի գրասենյակից:
Այցի շրջանակներում օգոստոսի 12-ին կայացել է Արմեն Գրիգորյանի և Նիկոլայ Պատրուշևի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են անվտանգության ոլորտին վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես՝ տեղի է ունեցել մտքերի փոխանակում հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների զարգացման, ՀԱԿՊ շրջանակներում համագործակցության ընդլայնման և նոր հնարավորությունների օգտագործման հարցերի շուրջ: Քննարկվել է նաև երրորդ երկրներին զենքի վաճառքի կանոնակարգման հարցը:
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային գործընկերության շրջանակներում իրականացվող ռազմատեխնիկական և ռազմատնտեսական համագործակցության ներկայիս ընթացքից, կարևորել ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության ակտիվացումը և նոր ձեռնարկություններ հիմնելու անհրաժեշտությունը:
Այցի ընթացքում Նիկոլայ Պատրուշևին ընդունել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչից հետո Ա. Գրիգորյանը և Ն. Պատրուշևը ծաղիկներ են խոնարհել Անհայտ զինվորի գերեզմանին:
Հայաստանի և Ռուսաստանի անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպումից առաջ տեղի են ունեցել նաև ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակի և ՌԴ անվտանգության խորհրդի աշխատակազմի ներկայացուցիչների ամենամյա խորհրդակցությունները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը