Politik.am-ը գրել է. Բրիտանական BBC հեռուստաընկերության պաշտոնական կայքը այսօր ծավալուն հոդվածով անդրադարձ է կատարել Մարտի 1-ի գործին: Հոդվածագիրը նկատում է, որ նոր իշխանությունների էմոցիոնալ հայտարարությունները և քննության ոչ թափանցիկ լինելը հարցեր են առաջբերում գործի քաղաքական լինելու և իշխանության կողմից դատարանի նկատմամբ ճնշումներ բանեցնելու մասով:
Ըստ հոդվածագրի՝ այս կասկածները հատկապես փաստարկվում են, քանի որ գործող վարչապետը 2008 թվականին բողոքի ակցիաների կազմակերպիչներից էր և նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբի անդամ: Հոդվածագիրը նաև նկատում է, որ գործը քննող կառույցը՝ ՀՔԾ-ն գործում է վարչապետի ենթակայության տակ:
Հոդվածում նշվում է նաև, որ ըստ որոշ տեսակետների արյունալի բախումների հրահրողները եղել են թեկնածու Տեր-Պետրոսյանը և իր աջակից Նիկոլ Փաշինյանը: Նրանք ագրեսիվացրել են հասարակությանը, որը և դեպքերը տարել է դեպի արյունալի ավարտի:
Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան Պոլ Ստրոնսկին լրատվամիջոցի հետ զրույցում ասել է, որ քննությունը առավելագույնս թափանցիկ պետք է լինի, քանի որ գործող վարչապետը այդ իրադարձությունների մասնակից է եղել. «Ես հարցեր ունեմ այս քննության մասով»,-ասել է փորձագետը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը