07 08 2019

Կառավարության հայտարարությունը պարզ մանիպուլյացիա է. fip.am

Կառավարության հայտարարությունը պարզ մանիպուլյացիա է. fip.am

ՀՀ կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջը օգոստոսի 5-ին հաղորդագրություն հրապարակեց, որում նշվում էր. «2015-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում: 2019-ի հունիսի դրությամբ, վերջին 15 ամիսների ընթացքում Հայաստանի արտաքին պետական պարտքը նվազել է 120 մլն դոլարով կամ 2.1%-ով»։

Փաստերի ստուգման հարթակը ուսումնասիրել է Ֆինանսների նախարարության 2018-2019 թվականների ՀՀ պետական պարտքի տեղեկագրերը։   Ըստ այնտեղ արտացոլված տվյալների՝ պարզ դարձավ, որ 2018թ. երկրորդ եռամսյակի ավարտին՝ հունիսի 30-ի դրությամբ, ՀՀ արտաքին պետական պարտքը կազմել է 5,441 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ 2019թ. հունիսի 30-ի դրությամբ այն կազմել է 5,456 մլրդ ԱՄՆ դոլար։

Հետևաբար, պետական պարտքի նվազում վերջին մեկ տարվա ընթացքում նկատելի չէ, փոխարենն այն ավելացել է, հետևաբար արտաքին պետական պարտքի մարման դրական միտման մասին պնդումը կառավարության կողմից չի համապատասխանում իրականությանը, այն պարզ մանիպուլյացիա է։ Հատկանշական է, որ ՀՀ կառավարությունը վերոնշյալ հայտարարությամբ պնդում էր նաև, թե վերջին 15 ամսվա ընթացքում մարվել է շուրջ 120 մլն դոլարի արտաքին պետական պարք։ Մինչդեռ վերոնշյալ 15 ամսվա կտրվածքը ներառում է 2018-ի ապրիլից մինչև 2019-ի հունիս, իսկ այստեղ էլ համեմատելով պետական պարտքի տեղեկագրերում 2018թ. ապրիլի 30-ի տվյալները (5,534 մլրդ ԱՄՆ դոլար) և 2019թ. հունիսի 30-ի տվյալների հետ (5,456 մլրդ ԱՄՆ դոլար)՝ պարզ դարձավ, որ վերջին 15 ամսվա ընթացքում ՀՀ արտաքին պետական պարտքը նվազել է ոչ թե ներկայացվող 120, այլ 78 մլն ԱՄՆ դոլարով: Մոտ 120 մլն դոլարի նվազումը նկատվում է 2018-ի մարտի և 2019-ի հունիսի համեմատության մեջ։ Այս դեպքում արդեն 16 ամիս է ստացվում։ Հատկանշական է նաև, որ նույն ժամանակահատվածի՝ վերջին 15 ամիսների համեմատությամբ՝ ՀՀ ներքին պետական պարտքն ավելացել է 144.3 մլն ԱՄՆ դոլարով։

Այսպիսով՝ իրականացված ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ ՀՀ կառավարության հրապարակումը մանիպուլյատիվ է և ունի փաստական սխալներ, քանի որ այնտեղ խոսվում է 15 ամիսների մասին, չնայած ներկայացվում է 16 ամիսների վերաբերյալ տվյալը՝ ներառելով նաև այն շրջանը, երբ Հայաստանում դեռևս հեղափոխություն տեղի չէր ունեցել։ Բացի այդ, անցնող մեկ տարվա կտրվածքով պետական պարտքի ավելացում է նկատվել. օրինակ, 2018թ. դեկտեմբերի 31-ին պետական պարտքը կազմել է 6,923 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ այս տարվա առաջին կիսամյակից հետո այն 6,934 մլրդ ԱՄՆ դոլար է եղել կամ աճել է մոտ 0,2%-ով։

Արդյո՞ք իրատեսական է պետական պարտքի մարման դրական դինամիկա ապահովել

Հաջորդիվ ներկայացնենք ՀՀ պետական պարտքի մարման կառավարության ժամանակացույցը: Աղյուսակում առանձնանում են 2020 և 2025 թվականներին նկատվելիք պիկերը: Հարց է առաջանում, թե ինչ միջոցներով կառավարությունը պետք է մարի ստանձնած ներքին և արտաքին պարտավորությունները:

2019թ. փոխառությունների ծրագիրը ներկայացնելիս ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտարարել էր, որ 2019-ին Հայաստանը 512 մլն դոլարով կավելացնի պետական պարտքը, որից 21 մլն դոլար` Կենտրոնական բանկի գծով: Հետևաբար, եթե անգամ վերջին ամիսներին արտաքին պետական պարտքը որոշակիորեն մարվել է, ապա դրան զուգահեռ նկատվել է ներքին պարտքի շարունակական ավելացում, իսկ կառավարության կողմից ներկայացվող հաղորդագրությունը այդ մասին լռում է՝ ցույց տալով դրական կողմը, մինչդեռ այստեղ ևս բացահայտ մանիպուլյացիա է տեղի ունենում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ