06 08 2019

Սփյուռքի նախարարության «անցնցում» ոչնչացումը թևակոխեց նոր փուլ․ Panorama.am

Սփյուռքի նախարարության «անցնցում» ոչնչացումը թևակոխեց նոր փուլ․  Panorama.am

Panorama.am-ը գրում է․ «Պետական համակարգում կադրային կրճատումները նոր փուլ են մտնում: Կրճատումների հերթական ալիքը սկսվել է Սփյուռքի հարցերով հանձնակատարի  գրասենյակում:

Panorama.am-ի խմբագրություն գանգահարած մի խումբ աշխատակիցներ տեղեկացրեցին, որ այսօրվանից համալրեցին գործազուրկների շարքը, իսկ աշխատանքից ազատվել են առանց հիմնավորման:

Նրանց խոսքով՝ իրենց բազմաթիվ բողոքների ու ընդվզումների արդյունքում որոշվեց ոչ թե լուծարել սփյուռքի նախարարությունը, այլ ներառել վարչապետի աշխատակազմում՝  որպես Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակ, սակայն շատ անորոշ գործառույթներով և և աղոտ հեռանկարով:  Աշխատակիցները փաստում են, որ այս ժամանակահատվածում Սփյուռքի հետ աշխատանքը կաթվածահար է եղել, կորցրել են կարևոր կապեր, նախագծեր, ծրագրեր: 

«Կես տարի անարդյունք սպասումներից հետո վերջապես նշանակվեց հանձնակատար: Թվում էր՝ վերջապես անցնելու ենք գործի, բայց ավաղ մեր ուրախությունը կարճ տևեց», - ասաց աշխատակիցներից մեկը:

Նա նաև նշեց, որ գրասենյակի ձևավորման առաջին օրից կոլեկտիվը հայտնվել է արհեստական մեկուսացման մեջ:

«Օրենքի բազմաթիվ խախտումներով  նախ հեռացել են հայեցողականները, քանի որ լուծարվող ու միավորվող նախարարություններում պետք է առաջին հերթին կրճատվեին աջակցող վարչությունները՝  ֆինանսական, իրավաբանական, քարտուղարություն և այլն, իսկ  համապատասխան աշխատողներին շուտափույթ տեղափոխեցին այլ վարչություններ, թափուր հաստիքների վրա: Հայտարարվեց, որ աշխատում են նոր կառուցվածքի վրա:  Երկու ամիս հետո հավաքեցին գրասենյակի աշխատակիցներին  ու հայտարարեցին, որ կառուցվածքը դեռ պատրաստ չի, բայց կառավարության հրամանով պիտի կրճատումներ լինեն: Հարցին՝ ի՞նչ հիմքով, գրասենյակի ղեկավար տիկին Սառա Անջարգոլյանը պատասխանեց, որ չգիտի, չի կարող պատասխանել ու հաջորդ օրը գնաց վաստակած հանգստի, տարակուսանքի մեջ թողնելով մարդկանց: Օրեր անց աբսուրդի թատրոնը ամփոփեց  զավեշտի թատրոնը, գրասենյակի ղեկավարը հավաքեց կոլեկտիվին ու ներկայացրեց կրճատվող հաստիքների ցանկը և հնչեցրեց այն մարդկանց անունները, որոնք դեռևս աշխատելու են մինչև հաջորդ փուլի կրճատումներ: Դարձյալ ոչ մի հիմնավորում, ոչ մի տրամաբանություն»,- մեզ հետ զրույցում ասաց մեկ այլ կրճատված աշխատակից:

Նրանց խոսքով՝ կրճատումներն արվել են կամայական որոշումներով, օրենքի բազմաթիվ խախտումներով, առանց հիմնավորման իրենց նոր պաշտոններին մնացել են ոլորտի հետ կապ չունեցող,տվյալ պաշտոնում գոնե մի օր չաշխատած մարդիկ, որոշների համար նույնիսկ հաստիքներ են ավելացվել: Ըստ նրանց՝ առանց հիմնավորման կրճատվել են  քաղծառայողներ, հաշվի չեն առել ոչ մասնագիտական ստաժը, ոչ համապատասխանությունը պաշտոնի անձնագրին, ոչ պրոֆեսիոնալիզմը:

«Ոչ մի այլ աշխատանք չի առաջարկվել , նույնիսկ հարկ չեն համարել  տեղեկացնել հիմքերի մասին, քանի որ դրանք չկան և չեն կարող լինել: Սա իսկական կադրային ջարդ է, հաշվեհարդար, կամայականության բացառիկ դրսևորում, որը ոչ մի աղերս չունի վարչապետի խոստումների հետ»,- վրդովված ասացին կրճատված աշխատակիցները:

Նրանց խոսքով՝ սա աշխատակիցների իրավունքների ոտնահարում է  և պահանջում են մանրամասն ուսումնասիրել տվյալ գործընթացի օրինականությունը,  պարզել ապօրինի, կամայական  որոշմամբ յուրաքանչյուր աշխատողի, առավել ևս քաղծառայողի իրավունքներին, պատվին և արժանապատվությանը  հասցված  հարվածը:

Նշվեց նաև, որ Սփյուռքի հարցերով հանձնակատարի  գրասենյակը պետք է ունենա 25 հաստիք՝ ներկայիս 65-ի փոխարեն: Առայժմ կրճատվել են մեկ տասնյակից ավելի աշխատակիցներ, իսկ կրճատումները շարունակական են լինելու: «Աշխատանքից ազատումը պետք է հիմնավորում ունենա, մենք ուզում ենք հասկանալ, թե որտեղ ենք թերացել, կամ ինչ հիմքով են որոշել, որ մենք վատ ենք աշխատում, իսկ մյուսները լավ, եթե ներկայիս ղեկավարները որևէ մեկի մասնագիտական հմտություններին ծանոթ չեն, ոչ մի հանձնարարություն չեն տվել և կամային  որոշմամբ մասնագետներին փոխարինել են այլ մասնագիտություն ունեցող պատահական մարդկանցով»,- ընդգծեցին նրանք՝ հավելելով, որ գրեթե բոլորը վարկեր ունեն և հիմա կանգնել են լրջագույն խնդիրների առաջ:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ օպտիմալացման արդյունքում իրենց աշխատանքը կորցրած աշխատակիցների հետ կառավարությունը կապ կպահպանի, կգույքագրեն նրանց տվյալները: Հուսանք, որ այս անգամ պետությունը «տեր կկագնի» կրճատված աշխատակիցներին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ