Օգոստոսի 2-ին Ավստրալիայում գտնվող արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Ռայդի քաղաքապետ Ջերոմ Լաքսալի հետ: Այս մասին հայտնում է Արցախի ԱԳՆ-ն:
Մասիս Մայիլյանը կարևորել է Արցախի պատվիրակության՝ Ավստրալիա աշխատանքային այցի նախօրեին Ռայդի քաղաքային խորհրդի կողմից Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու մասին բանաձևի միաձայն ընդունումը։ Արտաքին գործերի նախարարի գնահատմամբ, նման բանաձևի ընդունումը հերթական վկայությունն է Արցախի ժողովրդի ազատ և խաղաղ զարգացման ձգտմանն աջակցելու հարցում Ռայդի քաղաքային իշխանությունների սկզբունքային դիրքորոշման, ինչն արտահայտվել է դեռևս 2018 թ. մայիսի 22-ին Արցախի ժողովրդի ազատագրական շարժման 30-ամյակի կապակցությամբ բանաձև ընդունելու միջոցով։
Անդրադառնալով ԱՀ միջազգային կապերին՝ Մասիս Մայիլյանը նշել է, որ Արցախի և օտարերկրյա քաղաքների միջև ապակենտրոնացված համագործակցության հաստատումն ու զարգացումը Արցախի իշխանությունների առաջնահերթություններից է, ինչը թույլ է տալիս Արցախի համայնքներին ու շրջաններին ներգրավված լինել միջազգային գործընթացներին՝ ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման, տարբեր ոլորտներում փորձի փոխանակման ու մարդու իրավունքների խթանման նպատակով:
Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ ապակենտրոնացված համագործակցության զարգացումը կարևորվում է նաև Արցախը մեկուսացնելու, նրա բնակիչներին միջազգային համագործակցության առավելությունից զրկելու՝ Ադրբեջանի չդադարող փորձերի ֆոնին:
Իր հերթին Ռայդի քաղաքապետ Ջերոմ Լաքսալը վերահաստատել է Ռայդի իշխանությունների հավատարմությունը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման ու ժողովրդավարական հասարակություն կառուցելու ձգտմանն աջակցելու հարցում:
Հանդիպման ընթացքում Մասիս Մայիլյանը Ջերոմ Լաքսալին է հանձնել Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի շնորհակալագիրը, որում քաղաքապետն իր երախտագիտությունն է հայտնել բանաձևի ընդունման կապակցությամբ և հրավիրել Ջերոմ Լաքսալին՝ այցելել Ստեփանակերտ:
Հանդիպմանը մասնակցել են նաև Ռայդի քաղաքային խորհրդի անդամ Սարգիս Եդելյանը, Արցախի ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Իշխանյանը, Ավստրալիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանը և Հայ Դատի Ավստրալիայի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը