01 08 2019

Արցախի ԱԳՆ-ն հանդիպել է Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետին

Արցախի ԱԳՆ-ն հանդիպել է Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետին

Օգոստոսի 1-ին Ավստրալիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Սիդնեյ քաղաքում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակության հանդիպումը Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել Արցախի և Նոր Հարավային Ուելս նահանգի միջև համագործակցության զարգացման և կապերի ամրապնդման վերաբերյալ՝ հաշվի առնելով որ Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանը 2012 թ. ճանաչել է Արցախի Հանրապետությունը։

Կողմերն անդրադարձ են կատարել նաև Արցախի արտաքին քաղաքական օրակարգի առաջմղման գործում հայկական սփյուռքի դերի բարձրացման վերաբերյալ հարցեր: Այս համատեքստում Մասիս Մայիլյանը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները և այդ բնագավառում առկա մարտահրավերները:

Իր հերթին Գլեդիս Բերեջիկլյանը պատմել է վերջերս Հայաստան կատարած իր այցի և ունեցած հանդիպումների մասին:

Մասիս Մայիլյանը նշել է, որ Արցախում բարձր են գնահատում Գլեդիս Բերեջիկլյանի՝ համահայկական նշանակության հարցերի առաջմղմանն ուղղված գործունեությունը, և հրավիրել նրան այցելել Արցախ:

Հանդիպմանը մասնակցել են նաև Ավստրալիայի Նոր հարավային Ուելս նահանգի Oրենսդիր ժողովի խոսնակ Ջոնաթան Օ'Դեան (Jonathan O'Dea) և Օրենսդիր խորհրդի նախագահ Ջոն Աջական (John Ajaka), ինչպես նաև Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը, Ավստրալիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանը և Հայ Դատի Ավստրալիայի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ