30 07 2019

Արցախի ԱԳՆ-ն հանդիպել է Ավստրալիայի սենատի պաշտոնյայի հետ

Արցախի ԱԳՆ-ն հանդիպել է Ավստրալիայի սենատի պաշտոնյայի հետ

Հուլիսի 30-ին աշխատանքային այցով Ավստրալիայում գտնվող Արցախի Հանրապետության պատվիրակությունը հանդիպում է ունեցել Ավստրալիայի սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Ավստրալիայի իշխող Ազատական կուսակցության անդամ Էրիկ Աբեթսի հետ։

Պատվիրակության ղեկավար արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը բարձր է գնահատել Հայոց Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ սենատոր Աբեթսի ջանքերը՝ կարևորելով նրա հետևողական դիրքորոշումը մարդկայնության դեմ հանցագործությունների դատապարտման և դրանց կրկնության կանխարգելման տեսանկյունից:

Հանդիպման ընթացքում Մասիս Մայիլյանը զրուցակցին է ներկայացրել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատմությունը, ինչպես նաև հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլը և Արցախի իշխանությունների դիրքորոշումը՝ տարածաշրջանում վերջնական և տևական խաղաղության հաստատման շուրջ։ ԱԳՆ ղեկավարն անդրադարձ է կատարել նաև Արցախում անկախ և ժողովրդավարական պետականության կերտման, ինչպես նաև տարբեր մակարդակներով արտաքին հարաբերությունների զարգացման գործընթացներում արձանագրված ձեռքբերումներին ու հեռանկարներին։

Այս համատեքստում նախարար Մասիս Մայիլյանը կարևորել է խորհրդարանական դիվանագիտության մակարդակով տարբեր երկրների հետ հաստատված հարաբերությունները, որոնք հնարավորություն են ընձեռում արտերկրում բարձրացնել իրազեկվածությունը Արցախի և նրա ժողովրդի օրինական ձգտումների և երկրում ընթացող ժողովրդավարական գործընթացների մասին:

Հանդիպմանը մասնակցել է նաև Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Իշխանյանը, Ավստրալիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանը և Հայ Դատի Ավստրալիայի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ