30 07 2019

Փաշինյանը երկիրը գլորում տերպետրոսյանական ժամանակներ. Վահան Իշխանյան

Փաշինյանը երկիրը գլորում տերպետրոսյանական ժամանակներ. Վահան Իշխանյան

Հրապարակախոս Վահան Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

««Տարիներ շարունակ մենք պայքարում ենք, որ դատարանները կայանան, անկախանան և կարողանան արդարադատություն իրականացնել, սակայն գնալով իրավիճակը շատ ավելի է վատանում»,–ասում է փաստաբան Լուսինե Սահակյանը դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները կասեցնելու առնչությամբ։ Այո, փաստաբանը իրավացի է, տարիներ շարունակ փաստաբանները, իրավապաշտպանները, լրագրողները պայքարում են մարդու իրավունքների և ազատությունների համար, որն օդի մեջ չէր ցնդում, ազդեցություն էր ունենում։ 

Այո, 20 տարիների պայքարը տարեցտարի պտուղներ էր տալիս, ինչպես, օրինակ, ընդունվեց մի այնպիսի մամուլի օրենք, որ աշխարհում ամենադեմոկրատականներից մեկն է, կամ կալանավայրերում և բանակում գնալով մարդկանց իրավունքներն ավելի պաշտպանված էին դառնում։ Բարեփոխումներ էին լինում նաև դատական համակարգում, որոնց շնորհիվ դանդաղորեն, բայց աճում էր անկախ և անաչառ դատավորների թիվը։ Սակայն ձեռքբերումների մասին խոսելը մոդայիկ չէր. երկրում բարեփոխում նկատելը քաղաքացիական հասարակության շրջանակներում «վատ տոն» էր համարվում, սպառնում էր նրանց «ծախվածի» համբավ ստանալ, և հակառակը՝ լրագրողն ու իրավապաշտպանը ինչքան անողոք էին քննադատում իշխանությանը, ինչքան «համոզիչ» էին պնդում, թե այսօր վատ է, քան 20 տարի առաջ, այնքան կռուտոյ էին դառնում։  Այդպիսով մի խեղաթյուրված պատկեր էր ստեղծվում, թե բոլոր դատավորները սրիկա կշառակեր են, բոլոր պաշտոնյաները միայն թալանի մասին են մտածում, բոլոր սպաների մտքում միայն զիվնորներին տանջելն է և այլն։

Հեղափոխությունից հետո բացահայտվեց այլ իրականություն, որն ամենաակնհայտ ձևով երևաց դատական համակարգը փորձարկելիս. պարզվեց, որ դատավորներ կան, որոնք ոչ կաշառակեր են, ոչ էլ գործադիրի կամակատար. ավելին, նույնիսկ ամբոխի ճնշմանն են դիմանում։ Ինչո՞ւ վերջին 20 տարվա պայքարն է բերել որոշակի բարեփոխումների. քանի որ մինչ այդ, մինչ 1998 թիվը Լևոն Տեր֊Պետրոսյանի նախագահության տարիներին անհնար էր որևէ առջընթացի հասնել, որևէ պայքար փշրվում էր բռնությամբ. ասում ես՝ քննիչները ապօրինություն են արել, փաստաբաններին փողոցում ջարդում են, բանտում էլ կալանավորին այնպես են խոշտանգում, որ սպանվում է։ Թերթը գրում է կոռուպցիայի մասին, ներխուժում են խմբագրություն, ջադուփշուր անում գույքը և ծեծում՝ ում պատահի։ Ներկայացվում էր, թե ինչպես են բանակում սպանություններն աճում, հայհոյում էին, ու ավելի շատ զինվոր էր սպանվում։

Այո, գործում էր «Մեր դեմ խաղ չկա» սկզբունքը։ «Մութ ու ցուրտ տարիներ» արտահայտությունը միայն ֆիզիկական չէր. նաև խորհրդանշում էր իշխանության մութ բռնությունը և ցուրտ անհանդուրժողականությունը։ Ահա թե ինչու Արթուր Սաքունցի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան, որ Հայաստանի ամենավաղ գրանցված հկ֊ներից է, ոչ մի ծպտուն չէր հանում ԼՏՊ֊ի ժամանակ մարդու իրավունքների ոտնահարումների մասին, զբաղվում էր խաղաղասիրական քարոզով։ Այդ հետո, երբ իրավունքերի համար պայքարելը այլևս վտանգավոր չէր և արդյունք էր տալիս, Սաքունցի կազմակերպությունը աշխուժացավ՝ դառնալով մարդու իրավունքների պաշտպանության առաջամարտիկներից։ ՀՀՇ֊ի իշխանությունը տապալվելուց հետո երկիրը շունչ քաշեց, և հասարակական գործունեությունը սկսեց արդյունքներ տալ։ Ամենացայտուն օրինակը բանակն է. խաղաղ պայմաններում բանակում 1996-ին սպանվել է 260 զինվոր, 1997-ին՝ 217 զինվոր, իսկ մի քանի տարի անց կտրուկ իջավ սպանությունների թիվը, 2003֊ին՝ 40 զինվոր, 2004֊ին՝ 38։ Ի՞նչ փոխվեց. իշխանությունը սկսեց ուշադրություն դարձնել ահազանգերին, և օրինակ, սպանված զինծառայողների ծնողներից բաղկացած «Զինվոր և իրավունք» հկ֊ին հնարավորություն էր տրվել մուտք գործել զորամասեր, արձանագրել թերությունները ու ներկայացնել ՊՆ֊ին։

Այժմ Նիկոլ Փաշինյանը այս 20 տարվա պայքարի արդյունքը ջուրն է թափում, ավերում այն երերուն բարեփոխումները, իր սպառնալիքներին չենթարկվող դատավորի վրա քրեական գործ հարուցելով՝ դատական համակարգը ստրկացնում, նաև պատրաստվում է փոխել մամուլի մասին օրենքը ԶԼՄ֊ին հսկողության տակ պահելու համար, էլ ինչե՞ր է անելու և երկիրը հետ է գլորում տերպետրոսյանական ռեժիմի ժամանակները։

Այո, նման զնմանն գտանէ։ Այժմ արդեն հստակ է, թե ինչու էր Նիկոլ Փաշինյանը Տեր֊Պետրոսյանի ավանգարդը. նրանք նույն խմորից են բաղկացած, նրանք ավերում են մինչ իրենց եղած բոլոր ձեռքբերումները և ոչինչ չեն կառուցում»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ