Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կփորձեն ՄԻԵԴ-ի միջոցով հասնել Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքի վերացմանը, անգամ եթե դա տարիներ տևի: Այս մասին «Իզվեստիա»-ի հետ զրույցում ասել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը: Փաստաբանի խոսքով՝ բոլոր իրավական հիմքերը կան Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքի վերացման համար, սակայն ժողովուրդը ցանկանում է դիտորդ լինել և Հայաստանի նոր իշխանությունները պատրաստ են ապահովել այդ:
Չնայած այն, ինչ կատարվում է, Հայաստանի ներքին գործն է, սակայն դա Մոսկվայի մոտ անհանգստություն և տարակուսանք է առաջացնում:
Պարբերականը նշում է, որ Ռոբերտ Քոչարյանը լիովին իրավունք ուներ երկրում սահմանել հատուկ ռեժիմ 2008 թվականի մարտի 1-ին:
Պարբերականը նշում է, որ ոչ մի անգամ չի ապացուցվել նաև պետության ղեկավարի «գաղտնի» հրամանի առկայությունը, ըստ որի՝ ցուցարարներին հալածել են:
«Քրեական գործի հարուցումը Մոսկվայի մոտ տարակուսանք է առաջացրել: Եվ հարցն այստեղ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունները չեն, այլ այն, որ Հայաստանի նոր իշխանությունները նախագահական անձեռնմխելիություն ունեցող անձի հանդեպ հետապնդման նախադեպ են ստեղծել»,- գրում է «Իզվեստիան»:
«Այս ամենը նման է անձնական վենդետայի»,- պարբերականին ասել է Հայաստանի քաղաքական շրջանակաների ներկայացուցիչներից մեկը՝ շեշտելով, որ արդեն իսկ վտանգավոր է այն միտումը, որ նախագահին դատում են այն արարքների համար, որոնք նա արել է իր լիազորությունների շրջանակում:
Պարբերականը հիշեցնում է նաև ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցության գաղտնալսումը, որտեղ ԱԱԾ պետը խոստովանում է, որ նրան տրված է հրահանգ՝ ամեն գնով կալանավորել Ռոբերտ Քոչարյանին:
Անդրադառնալով 300.1-րդ հոդվածին՝ պարբերականը նշում է, որ այստեղ կիրառվում է օրենքի հետադարձ ուժը, որը խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթները:
Պարբերականը տարակուսանք է հայտնում նաև այն հանգամանքի կապակցությամբ, որ դատարանը մինչ օրս չի քննում Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը, անգամ քննության օր նշանակված չէ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը